«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա». Թրամփ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, իսկ ուրանի հարստացումը Թեհրանի համար կարող է «շատ, շատ վտանգավոր» լինել:
«Մենք չենք կարող Թեհրանին թույլ տալ միջուկային զենք ունենալ: Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենալու: Եթե նրանք (իրանցիները) մտածում են ուրանի հարստացման մասին, ապա կարող են մոռանալ այդ մասին»,- ԱՄՆ նախագահին մեջբերել է RT-ն:
Թրամփը նաև նշել է, որ Իրանը մեծ ֆինանսական խնդիրներ ունի, ինչը կապված է ամերիկյան պատժամիջոցների խստացման հետ:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության: Ընդունվել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել էր Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:
Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
«Հնգյակն» ու Թեհրանը պայմանավորվել են մշակել ֆինանսական մեխանիզմ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով հաշվարկներ իրականացնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում