Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է

Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Altprojects.am: Եթե վաղը Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվի՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը և մի շարք այլ հանգամանքներ, ապա դա.

ա. Իրավական՝ արդարադատության տեսակետից, նշանակում է, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է, ու այլևս անհնար է ու անիմաստ՝ քննարկել, թե ով կլինի հաջորդը, հաջորդի հաջորդը։ Դա լինելու է անկառավարելի շարք։ Պետության ռեպրեսիվ մեքենան միանում է մեկ-երկուսի ցանկությամբ, բայց կանգնեցվում է շատ մեծ թվով անձանց տառապանքների ու խեղված ճակատագրերի գնով։ Ընդ որում՝ այդ անձանց թվում շատ սահուն ու իրենց համար անսպասելի կերպով կարող են հայտնվել այսօր իշխանական թիմին պատկանող կամ սատարող մարդիկ։

բ. Հասարակական մթնոլորտի տեսակետից. առաջին պլանում կլինեն ներքին թշնամանքի մենեջերները՝ պոզիտիվ որևէ քայլի վաղուց արդեն ոչ ունակ մարդկանց մի ցանկ։ Դարձյալ ճամբարներ, դարձյալ ատելություն, դարձյալ՝ ներքին պառակտում. սա անպայման կլինի։ Եվ սա, ցավոք, կտևի շատ երկար, որովհետև սև ու սպիտակի թեմայի հեղինակները չեն պատկերացրել դրա ողջ վտանգավորությունը և անկանգառ շղթան, որ այն իր հետ բերելու է։ Նրանցից առաջ էլ՝ այլ շրջանակներ երկար տարիներ հասունացրել են այսօրվա մթնոլորտը։

գ. Քաղաքական զարգացումների տեսակետից էական փոփոխություններ չեն լինի։ Երկրում սոլիդ իշխանության ձևավորման քայլերթն արդեն սկսվել է։ Պետությունը օդ ու ջրի պես կարիք ունի սոլիդ իշխանության, և այն անշուշտ ձևավորվելու է՝ իշխանության ներսում և իշխանությունից դուրս գտնվող՝ առավել սոլիդ անհատների և շրջանակների միջոցով։

Եթե վաղը Ռ. Քոչարյանը ազատ արձակվի, ապա.

ա. Իրավական՝ արդարադատության տեսակետից. կնշանակի, որ ռեպրեսիվ մեքենան դեռևս լիարժեք միացած չէ, և ոմանց ուժեղ ցանկությունը դեռևս խափանվում է տարբեր ինստիտուտների և անհատների դիմադրությամբ։ Սա իր հերթին նշանակում է, որ պետք է համատեղել և կրկնապատկել փաստաբանների, իրավապաշտպանների, ինքնուրույն պատգամավորների, հանրային դեմքերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ջանքերը՝ թույլ չտալու պատժիչ ռեպրեսիվ մեքենայի միացումը։ Շատ մեծ ջանքեր են պահանջվելու այս պայմաններում երկիրն օրինականության դաշտում պահելու և մեկ հոգու ցանկությամբ քրեական գործեր բացելը և դատավճիռներ կայացնելը թույլ չտալու համար։ Եվ այս խնդրի շուրջ բոլորի ջանքերի համատեղումը որևէ կապ չունի քաղաքական հայացքների և նախասիրությունների հետ։ Սա լրիվ այլ հարց է։

բ. Հասարակական մթնոլորտի տեսակետից. պետք է չանել որևէ քայլ, որը կխորացնի ներքին լարվածությունը։ Անել ամեն ինչ՝ դիմացինին լսելու և հասկանալու համար։ Սխալները, այդ թվում՝ կոպիտ, չեն եղել միակողմանի։ Տարիներով կուտակված դժգոհությունները, որոնք բերել են այսօրվան, մեծ մասամբ եղել են արդարացի։ Պետք է խնդիր դրվի՝ գտնել բանաձևերը ներքին հաշտեցման, ինչն ընդհանուր ողբերգությունից խուսափելու և առաջ գնալու միակ տարբերակն է։

գ. Քաղաքական տեսակետից. նախորդ տարբերակն է՝ էական փոփոխություն չի լինելու։ Առաջիկայում սոլիդ իշխանության ձևավորման պրոցեսը այլընտրանք չունի։

Եվ մեկ դիտարկում

Մեզ իսկապես թվո՞ւմ է, թե 41-ամյա դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է տալ մարտի 1-ի պատասխանները։ Ինչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում, եթե նույնիսկ նա դատավոր է։ Զուտ մարդկայնորեն՝ նա աննկարագրելի ճնշման տակ է։ Մենք համառորեն խուսափում ենք բաց խոսել մարտի 1-ի մասին, մենք համառորեն վախենում ենք լսել դառը ճշմարտություններ, լսել ու ասել այն, ինչը գիտենք։ Եթե խնդիրն այսօր մի քանի հոգու բանտ նստեցնելն է, ապա վաղը՝ իշխանությունը փոխվելուց հետո, նոր դատախազն ու նոր ՀՔԾ պետն անելու են լրիվ հակառակը, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ նոր (կամ ուրիշ) դեմքեր։ Սա՞ է մեր ուզածը, սա՞ է առաջ գնալու մեր տեսլականը։ Չի դիմանա երկիրը։ Որպեսզի վաղը չլինի այս սցենարը, դրա բացառումը պետք է արվի այսօր՝ այս իշխանության կողմից։ Գոնե՝ ինքնապահպանման բնազդով։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում