Կանայք ավելի պատասխանատու են բոլոր հարաբերություններում.Կոմանդոս

Վերջերս Հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 3-րդ կետը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013/2014 ուսումնական տարում հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում։

Բանակում կանանց ծառայության մասին որոշման գլխավոր պատճառը պայմանավորված չէ միայն նրանով, որ տղամարդկանց թվաքանակը քիչ է: Այսպիսի հայտարարությամբ այսօր ասուլիսի ժամանակ հանդես եկավ Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Այս մասին գրում է Panorama.am-ը:

Ըստ բանախոսի՝ դա հնարավորություն կտա ավելի բարելավել կարգուկանոնը զինված ուժերում, որոշակի կբարձրացնի նաև անձնակազմի պատասխանատվությունը:
«Տղամարդիկ երբեմն խոսակցության մեջ նույնիսկ մի քիչ չափից դուրս են գալիս, իսկ երբ կին է ներկա լինում, իրենք իրենց ավելի չափավոր և լուրջ են պահում»,- մասնավորեցրեց նա, հավելելով, որ աղջիկները որոշ կազմակերպչական հարցերում նաև ավելի պատասխանատու են:

Միաժամանակ Կոմանդոսը հիշեցրեց, որ Հայաստանում նախատեսվում է աղջիկների ընդունելություն կազմակերպել դեռ չորս ինժեներական մասնագիտություններով, և հայտնի չէ, թե ինչպես կվերաբերվեն այդ նորամուծությանը հայկական ընտանիքներում:

«Մենք դեռ չգիտենք’ աղջիկները կգան ծառայելու, թե ոչ: Կան աղջիկներ, ովքեր ասում են, թե ցանկանում են ծառայել: Հնարավոր է նաև, որ աղջիկները ցանկանան ծառայել, սակայն ծնողները չթույլատրեն», – նշեց նա:

Ընդհանուր առմամբ՝ նման փորձը, Կոմանդոսի գնահատմամբ, դրական կազդի բանակի վրա: Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կարծում է, որ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ աղջիկների ծառայությունը բանակում դրական նշանակություն է ունենում տվյալ երկրի բանակի վրա։ Այս մաին հայտնում է Tert.am-ը:

«Օրինակ՝ Նորվեգիան ընդունեց, որ կինը պետք է գնա ծառայելու, մեզ մոտ դա պարտադիր չէ, բայց ես կարծում եմ, որ կինը որտեղ ծառայում է, այնտեղ վիճակը բարվոք է լինում»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։

Կոմանդոսը հիշեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ մարտի դաշտում 25 կին ծառայող են կորցրել։ «Շատ ունենք կին սպաներ զինվորական հաստատություններում, ուզում էիր ստուգեիր, տեսնում էիր իրենք այդ թերությունները 100%-ով վերացնում էին։ Կանայք ավելի պատասխանատու են բոլոր հարաբերություններում»,- ասաց նա։

Կանանց ծառայության բացասական կողմերից Կոմանդոսը նշեց, որ հնարավոր է ամուսնանալու հարց առաջանա, բայց ինքն այդ հարցում լավատես է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում