Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կքննարկի Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման հարցը։ Փաստաբանները համոզված են, որ եթե Թուրքիան այս անգամ էլ չենթարկվի ԴԵմիրթաշի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռին, ապա կկանգնի Եվրոպական խորհրդից հեռացվելու վտանգի առաջ։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
2016թ․ նոյեմբերի 4-ին ձերբակալված և նույն օրը կալանավորված Սելահաթթին Դեմիրթաշը ներկայումս գտնվում է Էդիրնեի բանտում։ Ընդդիմադիր գործչի դեմ եղած բոլոր դատական գործերը, բացառությամբ մեկի, միավորվել են մեկ ընդհանուր գործի մեջ։
Դեմիրթաշի փաստաբանները նախ դիմել են տեղական դատարան՝ պահանջելով ազատ արձակել քաղաքական գործչին։ Մերժում ստանալով՝ նրանք դիմել են Սահմանադրական դատարան, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Այսպիսով, երկրի ներսում իրավական պայքարի բոլոր հնարավոր միջոցները սպառվել են, ուստի հարցը տեղափոխվել է ՄԻԵԴ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը սեպտեմբերի 18-ին կքննարկի ԴԵմիրթաշի ազատ արձակման հարցը և որոշում կկայացնի։ Գործի քննմանը Ստրասբուրգում ներկա կլինի նաև ԺԴԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Թուրքական մեջլիսի Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն։ Այսօր նա հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակոմոպուլոսի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։
Մյուս կողմից, ԺԴԿ համանախագահ Սեզաի Թեմելլիի նախագահած պատվիրակությունն այս օրերին հանդիպումներ է անցկացնում Եվրախորհրդարանի քրդական բարեկամության խմբի և ԵԽ կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։
Դեմիրթաշի փաստաբաններն ակնկալում են, որ ՄԻԵԴ-ը կհանգի այն եզրակացության, որ ընդդիմադիր գործչի իրավունքները խախտվել են։ Եթե այս սպասումներն արդարանան, ապա, ըստ իրավաբանների, Թուրքիան կարող է հեռացվել եվրախորհրդից, եթե հրաժարվի ենթարկվել ՄԻԵԴ-ի վճռին։
Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ Անկարայի դատարանը Դեմիրթաշին կալանքից ազատելու որոշում էր կայացրել, սակայն մեկ այլ գործով 4 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտված գործիչը մինչ օրս բանտում է գտնվում։ Դեմիրթաշի փաստաբանները պնդում են, որ նա արդեն կրել է նշանակված պատիժը և պետք է ազատ արձակվի։ Ավելի վաղ Դեմիրթաշին կալանքից ազատելու անհրաժեշտության մասին վճիռ էր կայացրել նաև ՄԻԵԴ-ը, բայց Թուրքիան անտեսել էր այդ վճիռը՝ խուսափելով այն իրագործելուց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում