Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ապագա գլխավոր քարտուղար, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, գրում են տեղական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Ստանիսլավ Զասը 2020 թ. հունվարի 1-ից կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Ավելի վաղ՝ մայիսին հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասին: Հանդիպմանը ներկա էր գտնվել նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:
Վարչապետը ողջունել էր հյուրերին ՀՀ կառավարությունում և կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը:
«Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ-ն հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը», – նշել էր Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է գործեն կազմակերպության կանոնադրության տառին ու ոգուն համաձայն, և Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքներին: Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Ստանիսլավ Զասն իր գործունեությամբ կնպաստի ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և հավաքական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում