Նոր նշանակումները գործող օրենսդրությամբ պետք է արվեն, որով վարչապետը կաշկանդված է. Էդմոն Մարուքյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հեղինակած օրենքի նախագծի անհրաժեշտությունը:
«Իշխանություններին ամենաշատը քննադատում են հանրապետականները, որ իրենց չեն բռնել: Միայն նրանով, որ ցույց եք տալիս, որ դեմ եք այս նախագծին, դուք նպաստում եք այդ նախագծի ընդունմանը: Միայն այն հանգամանքը, որ նախորդ ռեժիմը դեմ է այս ռեֆորմին, դա խոսում է նրա մասին, որ սա օդի պես պետքական ռեֆորմ է, ուղղակի մեր իշխանության խելքը ժամանակին չհասավ որ կառուցվածքը մեր ասածով ընդուներ»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագիծը հունիս ամսին են ներկայացրել, կառավարությունից ստացել են բացասական եզրակացություն, և հիմա առաջին ընթերցմամբ ընդունվել է:
«Հիմա ուզում եք կապեք այս իրադարձությունների հետ, ուզում եք մի կապեք, դա մեզ շատ քիչ է հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մեր երկիրը առաջ տանելու գործընթացը: Ներկայում այս նշանակումները, որ պետք է արվեն, գործող օրենսդրությամբ պետք է արվեն, որով վարչապետը կաշկանդված է և հույս ունեմ, որ այս նախագիծը կընդունի և ռեֆորմները կբերեն արդյունք: Նախորդ ռեժիմի ներկայացուցիչներ, նախորդ ռեժիմի քաղաքագետներ, երբ ինչ-որ բանին դեմ եք խոսում, դրանով տեղեկացնում եք, որ դա պետք է լինի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում