Պետական պատժիչ մեքենան պետք է լավ աշխատի, որպեսզի չարաշահումների քանակը հասցվի նվազագույնի

«Պետական պատժիչ մեքենան պետք է լավ աշխատի, որպեսզի չարաշահումների քանակը հասցվի նվազագույնի: Վերջին տարիներին մենք կարողացել ենք գալ նրան, որ նվազագույն գինը չլինի որոշիչ` տենդերներ շահելու գործում», – Panorama.am-ի փոխանցմամբ, պատասխանելով պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի հարցին, թե ինչո՞ւ են շինարարական տենդերները շահում այն կազմակերպությունները, որոնք նվազագույն գին են առաջարկում և ի՞նչ մեխանիզմ կարելի է ստեղծել, որ տարբեր օղակներում չկարողանան գողանալ, ասել է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

«Կարծում եմ, յուրաքանչյուր կառավարություն պետք է ձգտի նվազագույն ժամանակներում լուծել բացահայտված խնդիրները: Մենք պետք է ձգտենք մեր ծախսերում նվազագույնի հասցնել չարաշահումները: Դրանք ամբողջությամբ բացառելու ձևը աշխարհը դեռ չի գտել»,- հավելել է փոխվարչապետը:

Նա նաև նշել է, որ այն ոլորտներում, որտեղ 2011-2012 թվականներին բացահայտվել են չարաշահումներ ու խախտումներ, արդեն էական փոփոխություններ ու խնդիրների էական նվազեցում է նկատվում: ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին, թե` կա՞ ն արդյոք կոնկրետ պատասխանատվության ենթարկված անձինք` կապված չարաշահումների ու խախտումների հետ, Ա. Գևորգյանն ասաց, որ իրենք գործեր ուղարկել են դատախազություն, իսկ Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը ձերբակալվել է: Նրա խոսքերով` ընթացող գործերի մասին ավելի մանրամասն ճիշտ կլինի հայտնեն իրավապահ մարմինները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում