Համատարած թալանի պատկերի վրա անհասկանալի է իրավապահ մարմինների, ՀՔԾ-ի, դատախազության «իներտ կամ անտարբեր վերաբերմունքը». Գ. Ջհանգիրյան

Հայաստանի Վերահսկիչ պալատը թեև ՀՀ Սահմանադրությամբ անկախ պետական մարմին է, այն փաստացի ամբողջությամբ ձևավորված է կառավարող կոալիցիայի կողմից։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

«Հետևաբար Վերահսկիչ պալատի ոլորտային ուսումնասիրությունների ու տարեկան հաշվետվությունների ամփոփագրերում տեղ գտած չարաշահումների փաստերը ու դրանց տրված գնահատականները, (որքան էլ մեղմ ու չափավոր) որոշակի վերապահումով կարելի է համարել որպես կառավարող ուժի արձանագրումներ», -հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ Այս մաիսն գրում է Panorama.am-ը:

Պատգամավորի խոսքով, եթե քննարկվող հաշվետվության, առանձին ոլորտներում կատարված ուսումնասիրությունների ամփոփագրերում օգտագործված խախտում, չարաշահում, անարդյունավետ ծախս, գների արհեստական բարձրացում, իրականացրած աշխատանքների ուռճացում, անորակ աշխատանքների կատարում և այլ եզրերը փոխարինենք դրանց քրեա-իրավական հոմանիշներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք, խարդախություն, յուրացում, վատնում, հավելագրում և այլն, ապա արձանագրված փաստերը ոչ միայն առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների մասին հաղորդումներ են, այլև մեղադրական ակտի ամբողջական հատվածներ:

«Ըստ արձանագրվածի յուրաքանչյուր տարի հարյուրավոր պետական պաշտոնյաներ ու չինովնիկներ, ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների տնօրեններ, ոլորտները սեփականաշնորհած ՍՊԸ-ներ ու կապալառուներ պետ բյուջեում փայ են մտնում հաճախ, էլ ես կասեի ձեռք են գցում ծախսերի հսկիչ փաթեթը: Կոնկրետ օրինակներ ներկայացնելը անիմաստ եմ համարում դրանք բազմաթիվ են , թե 12թ հաշվետվությունում թե ոլորտային ամփոփագրերում:

Ամեն անգամ ԱԺ-ին մնում է զարմանալ ու զայրանալ, թե բյուջեի այդ ինքնակոչ համասեփականատերերը ինչքան են խժռել կամ պետական միջոցների հափշտակության նորարարական ինչ ձևեր ու միջոցներ են հեղինակել: Դրանով էլ սովորաբար Վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկումները ավարտվում են», -հավալեց նա։

Ջհանգիրյանը վստահ է, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններում արձանագրված յուրացումների, վատնումների, հափշտակությունների հայտնաբերված ու արձանագրված ահռելի չափաբաժինները որևէ կերպ հաշվի չեն առնվում, ոչ նոր բյուջեի կազմանն, ոչ էլ նախորդ բյուջեի կատարողականի հաստատաման ժամանակ:

«Մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է. Սկզբից հաստատում ենք նոր տարվա բյուջեն ու կառավարության ծրագիրը, հետո՝ նախորդ տարվա բյուջեի կատարումը, այնուհետև միայն քննարկում ենք Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Այսպես ավելի հանգիստ ու ապահով է»,- ասաց նա: Այս մաիսն գրում է Aysor.am-ը:

Գ. Ջհանգիրյանին անհանգստացնում է հատկապես այն, որ ՎՊ կատարված ուսումնասիրությունների ընթացքում այս կամ այն ոլորտում հայտնաբերված խախտումներն ու չարաշահումները ոչ թե առանձին դեպքեր, էպիզոդներ են, այլ՝ ինչպես նշված է այդ հաշվետվություններում «դրանք ընդհանրական են, կրում են համակարգային բնույթ»:

«Այս ամենը նշանակում է, որ ուսումնասիրվող ոլորտներն ամբողջովին ախտահարված են, հափշտակություններն ու չարաշահումները խրոնիկ բնույթ են կրում այդ ոլորտներում»,- նկատեց ՀԱԿ պատգամավորը:

Համատարած թալանի այս պատկերի վրա, շարունակեց խոսքը Գ. Ջհանգիրյանը, բացարձակ անհասկանալի ու անընդունելի է իրավապահ մարմինների, ՀՔԾ-ի, ՀՀ գլխավոր դատախազության «իներտ կամ անտարբեր վերաբերմունքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում