Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին:

Ուղերձում ասված է.

“Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ’ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն ըստ ամենայնի կծառայեն Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների արդյունավետ լուծման եւ հետագա զարգացման գործին:

Արցախում բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում եւ համոզված ենք, որ Ձեր նախագահության տարիներին էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն մեր երկու բարեկամ ժողովուրդների ավանդական կապերը’ մեծապես նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը եւ մեր երկրների զորացմանը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում հաջողություններ’ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում, իսկ Իրանի ժողովրդին’ խաղաղություն ու բարգավաճում”:

Հետևեք մեզ նաև Telegram-ում