Հովիկ Աբրահամյանը՝ Գորիսի և Արարատի դեպքերի մասին

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

– Պարոն Աբրահամյան, խոսե՞լ եք Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ի վերջո, ի՞նչն է եղել այդ դաժան սպանության պատճառը, և ի՞նչը հասցրեց այդ մարդկանց Ս. Խաչատրյանի տուն:

-Նախ առիթն է հարկավոր ճշտել: Ես չեմ տեսել, չեմ հարցրել, չգիտեմ, քանի որ գործը հիմա քննվում է, թող քննվի, կիմանանք: Բայց ես մի բան եմ ուզում ասել, անկախ նրանից՝ ով ուզում է լինի, չի կարելի գնալ տան, երեխաների, կնոջ վրա: Յուրաքանչյուր դեպք դատապարտում եմ և գտնում, որ պետք է իրավապահ մարմիններն անկաշկանդ, ազնվորեն, թափանցիկ քննություն կատարեն և մեղավորներին պատժեն, անկախ նրանից’ կլինի Սուրիկ Խաչատրյան, Հովիկ Աբրահամյան կամ որևէ մեկը: Ես համոզված եմ, որ արդար քննություն կկատարվի:

-Բայց Ս. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքն ամեն ինչ անելու է՝ իր որդին ազատ արձակվի, որովհետև նա ընդամենը պաշտպանվել է:

-Բացառում եմ, որ Ս. Խաչատրյանը կարող է ճնշում գործադրել իրավապահների վրա:

-Ինչո՞ւ: Խաչատրյանն ու անպատժելիությունը վերջին տարիներին հոմանիշներ են դարձել:

-Վատ բան է: Քննադատում եմ յուրաքանչյուր անպատժելիություն: Չի կարելի: Պետք է յուրաքանչյուր դեպքի տալ գնահատական: Իսկ պաշտոնյայի հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել:

-Այս առումով Դուք էլ չեք փայլում: Ձեր որդին ու եղբորորդին էլ կրակեցին, մեքենաներ վառեցին Արտաշատում. Գազի Հովոյի հայտնի պատմությունը:

-Ո՞նց, չպատժվեցի՞ն:

-Ձեր կողմը չպատժվեց:

-Իմ եղբորորդու վրա էին կրակել:

-Այսինքն’ էլի տուժողը դուք էիք:

-Դա փաստ է:

-Ձերոնք վառել էին նրանց մեքենաները:

-Ճիշտ է: Հատուցել են: Եվ մի հոգի էլ՝ հենց վառողը, նստել էր վեց ամիս: Դրանց տղաներն էլ են նստել:

-Հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ եք Գազի Հովոյի հետ:

-Շատ նորմալ: Ճիշտն ասած, իրենք էին այդ սխալը թույլ տվել, իրենք էին կրակել: Բայց Ձեզ ասեմ, որ դա իմ որդու հետ կապված չի եղել, ճշտեք: Դա եղել է իմ եղբորորդու հետ: Թու, թու, թու, գոնե իմ որդու հետ նման որևէ դեպք դեռ չի արձանագրվել, և Աստված տա’ չարձանագրվի:

Հարցազրույցի շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում