Գյուղացիները փակել են ճանապարհը. Միրգը հասել է, թափվում է, նրանք էլ օգտվելով առիթից գինն են իջեցնում

Այսօր առավոտից բողոքի ակցիա են սկսել Արարատի մարզի Արտաշատի շրջանի մի քանի գյուղերի բնակիչները, նրանք փակել են Այգեզարդ, Քաղցրաշեն գյուղերի ճանապարհները:

Նրանք պահանջում են նորմալ գներով մթերել ծիրանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Այգեպատ գյուղի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը, գյուղացիները չեն պահանջում բարձրացնել գինը, այլ հակառակը՝ նրանք պարզապես խնդրում են գինը անփոփոխ թողել և այդ գնով մթերել ծիրանը:

Նշենք, որ Արարատի փոխմարզպետը խոստացել է հանդիպել գյուղացիներին, բայց չի եկել:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ այս մարզ էր այցելել Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով խոստացել էր, որ ծիրանի մթերումը պատշաճ կերպով կկազմակերպվի, մինչդեռ գյուղացիներն ասում են, որ մթերման գինն այս օրերի ընթացքում այնքան է իջել, որ իրենք անգամ ոռոգման ջրի գումարը չեն կարողանա դրանով վճարել:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, գյուղացիներին զայրացրել է նաև ծիրանի համար բեռնատար մեքենաների տերերի կողմից առաջարկվող ցածր գինը: Գյուղացիները ներկայացրեցին, որ եթե օրեր առաջ 12 կիլոգրամանոց արկղի համար ֆուռերի տերերը վճարում էին 5 հազար դրամ, ապա վերջին երկու օրվա ընթացքում գինը իջեցրել են 1000 դրամով:

«Հըլը 4000-ը բաժանի 12-ի, գալիս է մոտ 300 քանի դրամ: Էդքան աշխատանք ենք արել, ծախս ենք արել: Ասում են’ կարկուտը վնասել է, Մոսկվայում գինը իջել է: Անցած տարի ավելի վատ ծիրան էր, իրար ձեռքից 600-700 դրամով խլխլում էին: Լարվածությունն արդեն մի քանի օր կար, հիմա հասավ գագաթնակետին: Ֆուռի տետերն էլ դաշտերով էդ մեծ մեքենաները քշել փախել են»,-պատմեց Այգեպատ գյուղի բնակիչներից մեկը:

Գյուղացիները նշում են, որ ամեն մի օրն էլ որոշիչ է ծիրանի համար: Միրգը հասել է, թափվում է գետնին: Նրանք էլ օգտվելով առիթից գինն են իջեցնում:
«Գործարանն էլ ընդեղից չի ընդունում»,-բողոքեցին գյուղացիները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում