ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը կհյուրընկալի Կոմիտասի և Թումանյանի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը կհյուրընկալի Կոմիտասի և Թումանյանի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ և՛ Երևանում, և՛ մարզերում, և՛ օտար երկրներում բազմաբովանդակ միջոցառումներ են կազմակերպվում` երկու մեծերի թողած մշակութային հարուստ ժառանգությունը վերարժևորելու նպատակով:

Մի շարք հետաքրքիր նախաձեռնությունների իրականացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում փոխնախարար Արա Խզմալյանը, խոսելով Թումանյանի և Կոմիտասի մասին, ընդգծեց, որ նրանք մեր հոգևոր նկարագրի այն բևեռներն են, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ միշտ: Նրանք պետք է ներկա լինեն մեր կյանքում, մեր առօրյայում, կրթական համակարգում: Նա ասաց, որ, այնուամենայնիվ, հոբելյանները լավ առիթ են նորից վերաիմաստավորելու հայ մեծերի արժեքը:

«Կոմիտասին կարող ենք համարել մեր հոգևոր զտարանը, որը մեր էությունը, մեր նկարագիրը մաքրեց օտարոտի տարրերից և թողեց ամենամաքուրը, ամենավեհը, այն, ինչ ազգը դարձնում է ազգ ու նպաստում ինքնության պահպանմանը»,-նշեց Խզմալյանը:

«Կարծում եմ` մեր բացթողումն է, որ այդ ուղղությամբ կատարված ահռելի աշխատանքը գուցե չի նկատվում: Այդ իսկ պատճառով դիմել ենք թվային մարքեթինգի օգնությանը: Յուրաքանչյուր նախագիծ վերածելու ենք կարճ տեսահոլովակի, որը լայն շրջանառություն կունենա թվային տիրույթում, և մեր քաղաքացիները, սփյուռքահայերը տեղյակ կլինեն, թե ինչ միջոցառումներ են իրականացվում` նվիրված այս երկու մեծագույն անուններին»,-շեշտեց Խզմալյանը:

Հոկտեմբերի 18-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա համերգ և ցուցադրություն, որին մասնակցելու է Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Համերգը կնվիրվի Կոմիտասի, իսկ ցուցահանդեսը` Թումանյանի հոբելյաններին:

«Բոլորովին վերջերս Լատվիայի ռադիոյի երգչախմբի մասնակցությամբ մեծ հաջողությամբ կատարվեց Կոմիտասի «Պատարագ»-ը: Մեր մեծերին նվիրված համերգային ծրագրեր են իրականացվել Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում մեր երգչախմբերի, վերոնշյալ երկրների կոլեկտիվների մասնակցությամբ: Կարևորում եմ նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի Գերմանիայում կայանալիք համերգները: Երգչախումբը վերջերս արական կազմով ձայնագրել է Կոմիտասի «Պատարագ»-ը»: Նրանք ելույթ են ունենալու նաև Տաթևի վանական համալիրում»,-ներկայացրեց փոխնախարարը: Նա ասաց, որ դիվանագիտական օղակները պատշաճ մակարդակով պատրաստվել ու կազմակերպել են այս կարևոր իրադարձությունները, և մեր ամբողջ ներպետական ռեսուրսները` մասնագիտական, ստեղծագործական և ֆինանսական, ուղղվում են հավուր պատշաճի արժևորելու Կոմիտասին և Թումանյանին:

Միջոցառումները չեն սահմանափակվում միայն համերգներով. Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացումներով մեկնելու է Մոսկվա, Փարիզ և ելույթ է ունենալու հայ համայնքի համար: Տպագրվելու են գիտական և գեղարվեստական գրքեր` նվիրված Թումանյանին:

Հայաստանի գրեթե բոլոր երգչախմբերը մեկնելու են Արցախ և կոմիտասյան երաժշտության համերգներով են հանդես գալու եկեղեցական կոթողների տարածքում, եկեղեցիներում:

Անդրադառնալով միջոցառումների անվճար կամ տոմսերով լինելուն` Խզմալյանը նշեց, որ կան բացօթյա նախաձեռնություններ, որոնց մուտքն ազատ է. կան տոմսերով համերգներ ևս: Հանդիսատեսի ներկայությունը համերգասրահներում ապահովելու համար երբեմն դիմում են հրավիրատոմսերի համակարգին:

«Մենք կարողացել ենք ապահովել մեր արժեքների հասանելիությունը քաղաքացիներին, և նրանք մեծ հետաքրքրություն ունեն այս միջոցառումների հանդեպ: Այնուամենայնիվ պետք աստիճանաբար հասարակության մտայնությունից հանել այն, որ մշակույթն անվճար վայելք է: Պետք է սովորեցնել քաղաքացիներին, որ մշակույթի համար նույնպես վճարում են, իսկ հրավիրատոմսեր բաժանել միայն համապետական նշանակության ծրագրերի ու միջոցառումների համար»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում