Իշխանությունն ինքն է խոսում իր սխալների և բացթողումների մասին, միայն ուժեղ իշխանությունը կարող է խոսել այդպես

Խորհրդարանում այս օրերին սուր քննարկումներ են ընթանում Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ, որը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բնական է համարում:

ԱԺ-ում իր ելույթում նա հայտարերլ է, որ այդ քննարկումները տեղավորվում են ժողովրդավարության շրջանակներում:

«Քաղաքական մեծամասնությունը, իշխանությունն ինքն է խոսում իր սխալների և բացթողումների մասին, միայն ուժեղ իշխանությունը կարող է խոսել այդպես: Մեր նպատակը որևէ մեկի վրա անհիմն ցեխ շպրտելը չէ, այլ չարաշահումների բացառումն է: Ես հավաստիացնում եմ, որ ՀՀԿ և ՀՀ ղեկավար Սերժ Սարգսյանը որևէ մեկին պաշտոն առաջարկելիս չունի որևէ պայման, որ պաշտոնը ստանձնեն և զբաղվեն թալաններով, յուրացումներով: Իմ զարմանքը որոշ մարդկանց զարմացնում է, բայց ես զարմանում եմ, քանի որ որևէ գերատեսչության ղեկավարի, որևէ մարզպետի հետ պայմանավորվածություն չունենք, որ նրանք պետք է զբաղվեն չարաշահումներով»,- Panarmenian.net-ի փոխանցմամբ ասել է Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը նշել է, որ իրենք շահագրգռված են նման չարաշահումների բացահայտմամբ և նկատել է, որ ՎՊ հաշվետվության մեջ որոշ անհամապատասխանություններ կան, քանի որ մարդիկ են եղել, որվքեր լուրջ հակափաստարկներ են ներկայացրել:

Նա նշել է, որ երկրի թիվ մեկ ամբիոնից պետք է հիմնավոր մեղադրանքներ հնչեն: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ԱԺ-ին կիրառել երկու մոդել` նախ, որ ՎՊ հաշվետվությունը քննարկվի ԱԺ համապատասխան հանձնաժողովներում` գործադիրի համապատասխան կառույցների մասնակցությամբ և «ԱԺ կանոնակարգ օրենքում» կատարվեն փոփոխություններ, քննարկումներին մասնակցեն ՎՊ-ն, կառավարությունը և Գլխավոր դատախազությունը:

Նա նշել է, որ ԱԺ-ն պատասխանատվություն է կրում նաև կառավարության գործենության նկատմամբ: «Չարաշահումներն արմատախիլ անելու բանալին ՎՊ, Կառավարության, Գլխավոր դատախազության և ԱԺ համագործակցությունն է, ինչպես նաև հետևողականությունը, որ յուրաքանչյուր չարաշահող պատժվի»,- ասել է նա:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ օրենսդրական դաշտում խնդիր կա և առաջարկեց միասին քննարկել, ԱԺ-ին ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի չարաշահումների բացառմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում