Տիգրան Հեքեքյան. Կարծում էինք՝ պետությունը սարի նման պետք է կանգնի մեր մեջքին, բայց նման բան չենք տեսնում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Իհարկե, ես մտահոգ եմ Արամի-23-ի համար, բայց ավելի մտահոգ եմ «Հայաստանի փոքրիկ երգիչների» համար։ Շատ ցավալի կլինի, եթե կորցնենք որևէ պատմաան հուշարձան, բայց առավել ցավալի կլինի, եթե կորցնենք երգչախումբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։
Նա նշեց, որ հիմա ցրված են, չեն կարողանում սիստեմատիկ աշխատել, փորձ են անում այնտեղ, որտեղ կարողանում են։
«Ես և երեխաները ընկճված ենք, ֆիզիկապես, հոգեպես շատ դժվար վիճակում ենք։ Մենք կարծում էինք, որ պետությունը սարի նման պետք է կանգնի մեր մեջքին, բայց նման բան չենք տեսնում։ Գրում ենք բազում նամակներ բոլոր հնարավոր կառույցներին։ Պատասխանում են՝ խնդիր է շենքը փողոցը, բայց մեկը չի ասում է, թե երգչախմբին ինչքով օգնենք, որ մնա»,- ասաց Տ. Հեքեքյան։
Նա նշեց, որ Արամի 23-ի շենքի դեպքում խախտվել են պետական օրենքներ, կառավարության որոշմանը հակառակ ավելի մեծ փոս են փորել, խախտվել են բոլոր նորմատիվները։ Նրա խոսքով, կա հարուցված քրեական գործ, մեկ տարի ձգվում է, տեղից չի շարժվում։
«Մեզ ասում են փողոց փակեք։ Բայց սա այն կառույցը չէ, որը իրեն թույլ տա նման վարքագիծ։ Եթե մենք չենք ներկայացնում կարևորություն, ուրեմն փողոց փակելով ի՞նչ»,- ասաց Տ. Հեքեքյանը։
Հիշեցնենք, որ 2019 թ. հունվարի 11-ին Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է։ Հենց այդ շենքն անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։
«Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված պետական ցուցակում` որպես տեղական նշանակության հուշարձան (1.6.206.3 ցուցիչով, բնակելի տուն՝ Զարմայր Անդրեասյանի):
Հետևեք մեզ նաև Telegram-ում