«Կյանքում խղճմտանքես զատ ես ճանաչեցի երկու այլ դատավորների ևս՝ Աստվա՛ծ և ժողովու՛րդ»
Նմանատիպ
«Աստծո հողմաղացները աղում են հանդարտ, բայց շատ մանր։ Հայաստանի նախկին պետանվտանգության նախարար Կրիմյանը գնդակահարվել է որպես դավաճան։ Այդ գազա՛նը գերեզմանեց ինձ» (ՆԺԴԵՀ, Եղբորն ուղղված նամակից)։
«Կյանքում խղճմտանքես զատ ես ճանաչեցի երկու այլ դատավորների ևս՝ Աստվա՛ծ և ժողովու՛րդ։ Առաջինի դեմ մեղանչեցի…» (ՆԺԴԵՀ, Հատընտիր, Բանտային գրառումներ)։
«Մեր օրերի հակակրոն հովերը պիտի բացատրել մարդկային տիպի հոգևոր անկատարելությամբ։ Առողջ հոգեվիճակ չէ՛ անկրոնությունը։ Մարդը միշտ էլ նա՛խ հեռանում է իր նմաններից և ապա հետո՝ իր Աստծուց։ Ո՛վ հեռանում է կրոնից՝ անձնասպանորեն կտրում է իր զարկերակը։ Իր Արարչի դեմ գործողը պիտի չքաշվի գործել և իր նմանների դեմ» (ՆԺԴԵՀ, «Ռազմիկ» թերթի թղթակցին տրված հարցազրույցից)։
Ինչպես հայտնի է` խղճմտանքը Աստծո ներկայության ժողովրդական ըմբռնումն է: Խղճմտանք ունենալն իսկ` քո ներսում Աստված ունենալ է նշանակել և նշանակում:
Անխղճմտանք մարդը նշանակել ու նշանակում է` անաստված մարդ: Անգամ Աստծո Հին կտակարանային օրենքի ու պատվիրանների հետևորդները շատ հեռու են Ճշմարիտ Աստծուց, քան Քրիստոսով խղճմտանք ունեցող մարդիկ, որոնք Սուրբ Հոգուց երկնքի որդի լինելու ճառագայթ ունեն իրենց մեջ խղճմտանք անվանումով: Նժդեհի իմաստասիրական գրվածքները, մեծ մասամբ, Աստծո Հոգով եղած հայտնություններ, ճանաչումներ, վկայություններ են, հոգևոր պայծառատեսության վրա հիմնված համոզումներ, հաճախ՝ անկասկածելի վստահարանների վերածված բանական ոսկիներ, հստակ խղճմտանքի արտահայտություններով, որ նշանակում է` Տերն է ապրել նրա մեջ։ Եվ հավատ և հույս ունենք, որ Նժդեհի նշած «Աստծո հողմաղացները» մի օր էլ պիտի «Մանր աղան» հայկական հոգևորի, Հոգևոր Հայաստանի դեմ եղած բոլոր որոգայթային հարցերում, որսալով և վնասազերծելով այդ որոգայթները լարողներին:
Եվ, ցավոք, երկրավոր քաղաքականության դաշտում այսօր քչերն են ճանաչում Աստծուն որպես դատավոր, ինչպես Նժդեհն էր ճանաչում: Սակայն որքան էլ ուշացնի, Աստված մահացու մեղքն ու հանցանքը անպատիժ չի՛ թողել և չի՛ թողնի, վստա՛հ և վստա՛հ եղիր, վստահեցնում է Նժդեհը։
Առաքելական թղթերից գիտենք, որ Աստված հաճախ ուշացնում է դատաստանը, որպեսզի ավելի մեծ թվով ապաշխարողներ, ի սրտե դարձի եկողներ լինեն, որ նշան է թե. «Աստծո հողմաղացները հանդարտ են աղում»։ Սակայն մեծ հանցագործների համար համբերության ժամանակը լրանալիս. «ավելի մանր են աղում», այսինքն՝ պատիժն ավելի մեծ է լինում, որովհետև ոչ թե միայն մարմնի սպանդի են արժանանում, այլ նաև հոգևոր դատաստանի, որ ավելի սաստիկ շարունակվում է մարմնի մահից այն կողմում էլ. հավասար հոգու դեմ կատարած հանցանքներին (հայհոյանքներին), որ Հիսուսի խոսքի համեմատ.
«Ոչ այս աշխարհում է ներվում և ոչ մյուսում (մահից այն կողմ էլ)»։ Օրինակ. Պետրոս Առաքյալի դատերից մեկի ժամանակ Սուրբ Հոգուն խաբող ամուսինները մեռած ընկան Առաքյալի ոտքերի առաջ։ Սրանց դատաստանը, սակայն, պիտի շարունակվեր մահից այն կողմում էլ, որովհետև Սուրբ Հոգուն էին ստել։ Իսկ ստելու մասին մեծ Նժդեհն իրավամբ ասում է.
«Ստելը հայհոյություն է»։
Այս բանալիով, երբ ընթերցում ենք Հիսուսի Խոսքը, թե. «Ամենայն մեղք ու հայհոյություն պիտի ներվի մարդկանց որդիներին, բացի Սուրբ Հոգու դեմ ուղղված հայհոյությունից», ապա հասկանում ենք, որ Նժդեհի խոսքը նման ուխտադրուժ ստի և նման հայհոյության մասին է:
«Ստելը հայհոյություն է»։
Սքանչելի՜ իմաստությամբ է ասելիքը գտնված: Բազմաթիվ մաքրամոլ թվացող պոռնիկներ և իժաց զավակներ պիտի բռնվեն «Աստծո հողմաղացների» Նժդեհյան Աստվածաշունչ այս պայծառախոսությամբ:
Ինչպես Նժդեհի և հոգով այլ ուժեղների դեպքում ենք տեսնում, Աստծո սիրելին կարող է անգամ բանտում, շղթաների մեջ էլ հաղթել աշխարհին: Հոգով ազատ լինելով է հաղթում:
Հոգին ազատ է շղթաներից: Բայց ազատության մեջ գտնվողներ կան, որոնց Տերունական ահասարսուռ դատն է սպասվում` անդենային պատժով, եթե իրենց ընձեռված ապաշխարության ժամանակը ի բարին չգործադրեն, եթե երկյուղով չբարեգործեն, եթե չարաշահեն, եթե չգործադրեն դարձի համար իրենց տրված «անցնող ժամանակի սերն ու շնորհը, կարճ ընթացքը»։ Նժդեհը բանտում վախճանվեց` երկար տարիներ մարմնապես խաչյալի նման չարչարվելով, սակայն հոգով ազատ մնաց և օրեօր ավելի է պայծառանում, իսկ շատ դավադիր մարդասպաններ իրենք հայտնվեցին ճշմարիտ դատաստանի մեջ, որ նրանց ոչ միայն մարմնավոր, այլև հոգևոր խայտառակությունն էր ցույց տալիս և ժողովրդի մշտական արհամարհանքի վարձը վաստակեցին: Պատմությունը ներքին մի զզվանքով առանձնացրեց նրանց, և զզվանքը նրանց արարքների հանդեպ փոխանցվում է սերունդներին:
Եվ Նժդեհին դատող ԽՍՀՄ-ն ինքը ևս դատապարտվեց փլուզման: Ասես չէր էլ եղել: Դանդաղ են պտտվում Տերունական հողմաղացները, բայց երբ հասնում է Սուրբ Հոգուն որևէ հայհոյչի (ստողի, մատնիչի, մարդասպանի, գործով անարգողի, թալանողի, զրկողի, հոգեխեղի, խարդախողի) ժամանակը, այդժամ սկսում է «մանր աղալ», մինչև «ամենավերջին նաքարակիթը՝ պարտքի հոգևոր գրոշը», և մահից անդին էլ կշարունակեն մանր աղալ։
Մեր համոզմամբ, չապաշխարած մեղքերի իսկական վայնասունը մահից այն կողմում է սկսվում կամ հենց հոգին տալու պահին, որովհետև չափորոշիչները, ըստ Աստծո պատվիրանների, մնալու են, իսկ ապաշխարության պայմաններն ու ժամանակը նվազելու, հավասարվելու զրոյականի: Ավարտվելու են։ Որովհետև ոմանք անմահ Հոգին փորձեցին սպանել, մեռնող մարմին դարձնել: ՈՒստի Սատանան մեր՝ մարդկանց, կործանումը ցանկանալով, ձգտում է այս կյանքում մոլորեցնել մեզ, մեր ժամանակը վատնել տալ, խաբելով, թե իբր պատասխանատվություն չկա, որպեսզի տեղյակ չլինենք, թե մահից հետո, մանավանդ այն կողմում, ինչ դատաստան է սպասվում, երբ. «Աստծո հողմաղացներն սկսեն ավելի մանր աղալ»։ Այն ժամանակ, երբ մարդն «Իր խոսած յուրաքանչյուր անմիտ խոսքի համար անգամ սկսում է պատասխան տալ», սովորեցնում է Հիսուս: Այնպես որ, Նժդեհ սպանողներին կթվա, թե Նժդեհին սպանեցին, մինչդեռ մահից այն կողմ Նժդեհը արևի նման շողշողում է, իսկ սպանողները, խարդախողները, ատողները, խեղողները, ստողները հայտնվում են իրենց իսկ դատաստանի տակ: Եվ սատանայի բոլոր մոլորանքներին ճշմարտության ճանաչմամբ ով այս աշխարհում հաղթի, ամիջապես էլ ջանում է թողնել այս աշխարհում ամեն գայլային գայթակղություն և… ժամանակին ձգտում ապաշխարել։ Այդ է իմաստությունը, որովհետև ոչ մեկս էլ այնքան մեծ, անսահման ժամանակ չունենք այս անկայուն, անցողիկ աշխարհում, թե՛ երեխա լինենք և թե՛ ծեր։ Որովհետև ժամանակի լծակները թեպետ կոտրվում են անհատի մարմնի համար, սակայն կյանքը ոչ թե այդպես ավարտվում է, այլ նոր սկիզբ սկսում: Նժդեհյան հոգևոր ուսուցանումները տանում են մարդուն այն բանին, որ չլինի թե այստեղ հնարավորություն ունեցողը այն կյանքում հայտնվի Նրա ձեռքում, ՈՒմ այստեղ հակառակորդ դարձավ` անօրենություն գործելը սիրելով: Քանի որ այդ է արդար ճշմարտությունը, երբ ուղիղ դիտենք ու դատենք։
«Ո՞րն է պատմության ամենաուսանելի դասը.
Չկորցնել չափի զգացումը, երբ դիպվածը մեր ախոյանին մեր ձեռքն է հանձնել։ Վաղը կարող է պատմությունը մեր ախոյանին կարգել դատավոր՝ մեզ դատելու համար։ Եղի՛ր արդար, արդար եղիր, քանզի դա՛ է լավագույն քաղաքականությունը։ Գիտցի՛ր, մեր արդարությունից մենք ենք առաջին շահողը։
Մեր երկրագնդի վրա դեռ ոչ ոք չի զղջացել արդար լինելու համար։
Ճշմարտորեն զորավորն է արդար։
Եվ միայն արդարն է ճշմարտորեն զորավոր» (ՆԺԴԵՀ, Բանտային գրառումներ)։
Այդպես է եղել բոլոր ժամանակներում։
Առանց Աստծո կորած է մարդ արարածը. այդ եզրակացությանն է հանգում Նժդեհը և կրոնից մարդու հեռանալը դիտում է որպես տգիտությամբ ինքնադատաստան, ինքնասպանություն ու մարդասպանություն։ ՈՒստի երկրիդ մեջ լավագույնս պիտի Ավետարանը՝ Սրբությունը աշխատի, որպեսզի մարդը հանցանքներից հետ դառնա և Աստծո դատաստանից զերծ մնա։ Դատաստան, որ մարդու մահից հետո է լիարժեք սկսվում և ոչ թե մահով վերջանում: Մահով վերջանալը ինչպես խաբում են ոմանք կամ տգետներն են թութակում այլոց ստածները:
«Իր Արարչի դեմ գործողը պիտի չքաշվի գործել և իր նմանների դեմ» ահա կարևոր այն իմաստությունը, որ Աստված մարդուն մատուցում է Նժդեհի ընտիր շեփորումով։ Այն քարոզիչները, հոգևոր և քաղաքական գործիչները, ովքեր Աստծո խոսքերը փոփոխում են կամ իրենց ասածի, իրենց աղոթածի հակառակն են ապրում, ստում ու ստագործում, մի՞թե իրենց Արարչի դեմ չեն աշխատում։ Այդժամ, բնականաբար, չեն վարանի իրենց նմանների, իրենց ժողովրդի դեմ գործելն էլ։ Եվ այդպես էլ անում են` ի դատաստան իրենց վաղվա:
ՈՒստի, մեր ժողովրդին. «Հոգով վերանորոգել է պետք», համոզված է և վստահեցնում է մեզ Նժդեհը։
Քանի որ՝ «Մարդը, գաղափարի աստվածաշունչ մարդն է մեռել, մարդն է պակասում մեզ եսականության ու մաղձի, նյութապաշտության ու շահի այս անփառունակ ու կոշմարային օրերում» (ՆԺԴԵՀ. Երկեր, հտ. 2)։
Իսկ մյուս կողմից էլ պատմությունը՝ բնության, Աստծո խղճմտանքով զավակներից պահանջարկու է դառնում իրենց նախնիների մեղքերի դիմաց։
«Պատմությունը որդիների մեջ հալածում և պատժում է հայրերի մեղքերը հին» (ՆԺԴԵՀ, Ցեղի ոգու շարժը)։
Ելքը հոգով վերանորոգվելն է մնում։
Նժդեհը կյանքի ճանաչողությամբ վկայում է այն, ինչ Հին Կտակարանի Օրենքից հայտնի է մեզ։ Որդիները մինչև 3-4 սերունդ պարտավոր են մահացած հայրերի համար այն ամենում, որ նրանք (հայրերը) զլացել են Աստծո փրկարար կամքով ապրել-կատարել, այսինքն՝ իրենց իսկ և որդիների ու թոռների օգուտի դեմ են ապրել և ստագործել։ Եվ չարաբախտություն է, երբ որդիներն իրենց հայրերի նման անփառունակ ապրեն՝ չապաշխարելով հայրերի մեղքերը. «եթե իրենց հասանելիք խաչը չկրեն»։ Մանավանդ, երբ Քրիստոս այդ բեռը թեթևացնում է, օգնում «յուրաքանչյուրիս՝ մեր անհատական խաչը շնորհների մխիթարությամբ վերցնելու մխիթարությամբ»։ Օրենքով այդ անհնար դուրս եկավ. Հարկ էր մեզ հետևել Շնորհի՛ Ավետարանին: Այն ինչ-որ հրամանով անկարելի էր, պահանջով անտանելի, այժմ շնորհով տանելի և մխիթարական է դառնում: Քրիստոս քեզ հետ հավասար սկսում է քո իսկ խաչը կրել, որ քաջալերվե՛ս ու սիրե՛ս արդարությունը: Մանավանդ որ Քրիստոս արժանի հավատացողներին ազատագրում է այն անեծքներից, որոնց տակ ենք մեր նախնիների կամ մերձավորների պատճառով: Իսկ նախնիների մեղքերը խաչի նման հեզորեն կրողներին Աստվա՛ծ է օգնական և մշտապե՛ս: Ի վերջո սերը հրամանով չի լինում` ո՛չ մերձավորի և ո՛չ էլ Հայրենիքի հանդեպ: Այստեղ ինքնակամ խաչակրությունն է պետք, հոգով հասուն մարդու խաչակրություն: Մենք հաճախ նշում ենք Գրիգոր Լուսավորչի 14 տարիների հանիրավի բանտարկությունը հորում, սակայն մոռանում ենք, որ մեծ Սուրբը բանտարկվեց իր հոր հանցանքի դիմաց։ Մի քանի խոսքով վերհիշենք, որովհետև Սուրբ Գրիգորը Լուսավորիչ դարձավ նաև իր որդիներով ու նրանց ժառանգներով էլ, որոնք երկար ժամանակներ Հայոց հոտը հովվելու խաչը կրեցին և նշանավոր մարդիկ եղան մեր ողջ ազգության համար, ինչպես Ներսես Մեծը, սուրբ Սահակ Պարթևը, Վարդան Զորավարը և այլ մեծանուն, ազնվակերտ, Քրիստոսանվեր այրեր: Եվ այսպես, սքանչելի Գրիգորը Ավետարանի առակի այն ցորենի հատիկի նման եղավ, որ իր վարքով բազում սքանչելի ու հաղթ պտուղներ տվեց Հայոց աշխարհի հոգևոր շենացման համար և տալու է դեռ` մինչև այս աշխարհի ավարտը:
Սուրբ Գրիգորն ինքը Քրիստոսի վարդապետությամբ կերտված մեծ հաղթանակողներից է, որովհետև եթե այսօր մեկի հայրը մարդասպան լինի կամ մեկ այլ հանցանքի տեր, որդիները դիտվում են որպես արատավորներ և հասարակության կողմից մերժված ու պախարակելի, հաճախ, իրենք էլ դառնալով շեղ վարքի տերեր, իսկ Գրիգորի հայրը՝ Անակ Պարթևը, դավադրությամբ սպանեց Հայոց Խոսրով թագավորին: Սակայն Անակի որդի Գրիգորը, մանկուց մեծանալով քրիստոնյա մեկ այլ ընտանիքում, հավատալով և տիրապետելով արդեն սուրբ Ավետարանը և լսելով, թե իր հայրն ինչ չարիք է գործել, որոշեց նրա ծանր հանցանքն ապաշխարել՝ Սուրբ Ավետարանի Լույսն ու փրկությունը քարոզելով Խոսրովի որդուն՝ Տրդատ արքային: Եվ ահա այդ ապաշխարության համար էր, որ մեծ սուրբը եկավ ընդունվեց Հայոց Տրդատ թագավորի մոտ, որպես գրագիր ծառայելու: Այն մտքով, թե` իմ հայրը քո հորը սպանեց, բայց ես Քրիստոսի ոսկի վարդապետությամբ քո մեջ հավիտենական կյանք եմ սերմնացանելու և այդպես եմ ապաշխարելու իմ հոր հանցանքը:
Ծնողասիրության և որդիական ապաշխարության այս մի լուրջ օրինակ է, որ սուրբ Գրիգորը դրեց բոլոր այն զավակների առաջ, որոնց հայրերը մեծ ու փոքր հանցանքների տերեր են: Տրդատն այդժամ կռապաշտ էր և զայրանում էր Գրիգորից լսելով ճշմարտության և Տիեզերական վարդապետության մասին: Եվ այդ պատճառով նա բազմաթիվ ծանր ու անմարդկային չարչարանքների ենթարկեց մարդասպանի որդուն: Գրիգորը ոչ միայն հեզությամբ ենթարկվեց իր հոր հանցանքի դիմաց Խաչյալի նմանությամբ չարչարանքներ կրելուն, այլև չդադարեց այդ չարչարանքների ժամերին էլ իր հրաշունչ քարոզները` հանուն Տրդատի հավիտենական կյանքի: Եվ երբ Տրդատը, որ նախապես չգիտեր և լսեց, թե սուրբ այրը նաև որդին է Անակ Պարթևի, որ իր հորն սպանել է, նրան նետել տվեց Խոր վիրապի հորը, ուր նետում էին մահապարտներին: Եվ մեծ այրը իր հոր հանցանքի դիմաց այդ Խաչը կրելու դեմ երբևէ չբողոքեց, ինչպես որ Քրիստոս ոչ միայն չբողոքեց ողջ մարդկության հանցանքի Խաչը կրելիս և չխորշեց իրեն մարդու Որդի էլ անվանեն, այլև հայտարարեց, որ «Յուրաքանչյուրն, ով իր Խաչը չվերցնի և իր հետևից չգնա՝ իրեն արժանի չէ»։
Սուրբ Գրիգորն իր խաչը կրելուց չփախավ, և նրա սերունդն այդ խաչակրությամբ դարձավ կաթողիկոսների, հայոց մեծանուն ու սիրված այրերի, ազգանվեր զորավարների սերունդ։
Ահա թե հանուն հայրերի խաչակրությունը Տիրոջ օրինակի համաձայն տանելով` հանցավորների որդիները ինչպես կարող են իրենց ազգն ու ցեղը բարձրացնել, բազում ախտերից մաքրել ու սրբացնել երկնքի ներքո: Սրբազան խաչակրության շնորհիվ: Եվ ոչ թե պիտի տրտնջալ թե` մեր հայրերի հանցանքների պատճառով ինչ թշվառ ճակատագիր ունենք, որ օրենքի անփոփոխ անեծքն է, այլ մեր խաչերը վերցնելուց պիտի չփախչենք, չխորշենք, երբ հասու լինենք այդ վեհ ըմբռնմանը: Եվ մեր սերունդը պիտի նման խաչ վերցնելով սրբանա, ազնավակերտվի ու բարձրանա: Վեհանա: Նժդեհը նման խաչակրության կողնակիցն էր և ասում է` եթե խաչդ չես վերցնում, միևնույնն է` պատմության դատաստանից չես փախչի, որ հայրերի հանցանքների համար բռնեցնում է որդիներին:
ՈՒրեմն, որդիներն այնքան իմաստուն պիտի լինեն, որ քաջ լինեն իրենց սերնդաբանական խաչը ինքնակամ վերցնել և դեպի սրբություն տանել, իրենց անհատական գողգոթայում նահատակությամբ սերունդը սրբագործելու համար: Այդպես ազատվելով այն ախտ ու աղետներից, շարունակական ծագող թշվառություններից, որ ի բնե, 3-4 և ավելի սերունդ, որպես խաչի բեռ` հանդիպում և հանդիպելու է ճանապարհիդ, մինչև տեսակիդ ու ազգիդ մեջ չելնեն իրենց ազգացեղային խաչը հեզությամբ կրողները, իրենց ազգ ու ցեղը խաչակրությամբ սրբագործողները: Քրիստոսի նման` հանուն ժողովուրդ սիրելիիդ: Քաջ լինենք, մեր հայրերի թողած խաչի բեռը չմերժե՛նք մի օր վերցնել: Մանավանդ, ինչպես ասացինք, այդ անելը Աստծո Հոգու շնորհներով մխիթարական է, բայց հին օրենքներով անհնար էր:
«Ամենածանրը,- ասում է Նժդեհը,- ժողովրդիդ ճակատագրի խաչը կրելն է»:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսաբան
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում