«Կոնկրետ պահին կատարվածը, եթե անգամ թվում է պատահականություն, այնքան էլ պատահականություն չէ»
Նմանատիպ
«Իրատեսի» հյուրը նկարչուհի, Հայ նկարիչների միջազգային ֆոնդի, Էստոնիայի նկարիչների միջազգային միության անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դոցենտ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆՆ է:
– Տիկին Անուշ, Դուք բանասեր եք, սակայն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում դասավանդում եք ոչ Ձեր մասնագիտական առարկան: Կմեկնաբանե՞ք:
– Ես զբաղվում եմ արտ-թերապիայի տեխնիկայով, դասավանդում եմ իմ իսկ ստեղծած՝ «Էսթետիկական հաղորդակցություն» առարկան: ՈՒրախ եմ, որ մեր համալսարանում այսպիսի մոտեցումները խրախուսվում են: Այս առարկայի հիմքում իմ գիտական թեզի թեմատիկան է՝ նվիրված երիտասարդության կողմնորոշմանը էսթետիկական արժեքների ոլորտում: Սրանով զբաղվում եմ ամբողջ կյանքիս ընթացքում: Երբ դասավանդում էի ռուսաց լեզու և գրականություն, խնդիր ունեի գտնելու այն արդյունավետ ձևը, որով կհասցնեի լսարանին ռուսական պոեզիան, ռուս գրողների ստեղծագործությունները: Այս որոնումների մեջ ստեղծվեցին այն տեխնոլոգիաները, որոնք օգնում են հասկանալ, բացահայտել, տեսնել, ընտրել գրականության մեջ եղած լավագույնը:
– Ձեր նկարներում փորձում եք գեղանկարչությունը համադրել գրականության, երաժշտության, հոգևորի՝ աղոթքների հետ: Ինչպե՞ս է ձևավորվում այս համադրությունը:
– Ամեն մարդու ինչ-որ հանձնարարություն է տրված: Իմ հանձնարարությունն այն է, որ մանկավարժ գերդաստանիս առաքելությունը շարունակեմ ու հասցնեմ նոր բովանդակության: Իմ բոլոր դասերը վարել եմ արվեստի տարբեր ճյուղերի սինթեզի ճանապարհով: Երաժշտությունը միտքը դեպի վեր է տանում, գեղանկարչությունը՝ ընդարձակում, իսկ բառը նրանց հատման կետում ասես ամրակայում է:
– Ձեր «Պոետի աղոթքը» նկարն ինչպե՞ս վերածվեց բանաստեղծության:
– Սա իմ կյանքի ամենաէական փաստերից է: Նկարս բանաստեղծության է վերածել ազգությամբ թաթարուհի Գուլսինա Նիյազովան, որը բանասիրության դոկտոր է, Տյումենի համալսարանի պրոֆեսոր: Ես նրան հանդիպել եմ Մինսկում, միջմշակութային հաղորդակցությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ: Նա տեսել է իմ նկարը, վերցրել իմ կոնտակտները, ապա մեր միջև սկսվել է հոգևոր մտերմություն, հաղորդակցություն՝ նամակների միջոցով: Ո՛չ ազգությունը, ո՛չ դավանանքը արվեստի մեջ սահմանագծեր չեն կարող անցկացնել: Գուլսինան ապրիլի 24-ին իմ նկարների օգտագործմամբ տեսաֆիլմ է ներկայացրել՝ «Երբ երգում է դուդուկը» վերնագրով: Դա ցուցադրել է իր ուսանողներին և տեսագրությունն ուղարկել ինձ: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության փաստին և այն հաղթահարելու հնարավորություններին: Հիմնական շեշտադրումն այն է, որ մարդկանց համախմբում է սերը: Պոեզիայի վերածելով իմ նկարը՝ նա խոստովանեց, որ, լինելով մուսուլմանուհի, հասկացել է մեր ազգային ոգին, իմ նկարի էությունը:
– Հերթական անգամ համոզվում ենք, որ ոչ թե ժողովուրդները, այլ նրանց պետությունները ղեկավարող քաղաքական գործիչներն են խոչընդոտում, որ այդ սիրո համախմբումը կայանա, և աշխարհն ազատվի չհանդարտվող հակամարտություններից:
– Աստված մեզ տալիս է ընտրություն կատարելու հնարավորություն, իսկ թե դու ինչ ես ընտրում, սա է էականը: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ես ընտրում: Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պետություն հենվում է իր նախընտրած հստակ ճարտարապետության վրա, որի հենքում ճանաչումն է, շփումը, աշխատանքը: Սա բնորոշ է ոչ միայն արտաքին աշխարհին, այլև մարդու ներքին աշխարհին: Սրանից էլ ձևավորվում է ինքնագնահատականը, ինքն իր հետ շփումը, ինքնագործունեությունը և ինքնաճանաչումը: Ինչու՞ է հնից եկող կարգախոսը կոչվում. «Ճանաչի՛ր ինքդ քեզ»: Այո՛, առաջին հերթին պիտի ինքդ քեզ ճանաչես, բացահայտես: Վատ է, իհարկե, երբ ինքդ քեզ ճանաչելիս ցանկանում ես ինչ-որ բաներ կառավարել: Իմ դիրքորոշումն այն է, որ մարդը պետք է նախապատրաստվի դրան: Իսկ եթե նախապատրաստված չէ, անում է սխալներ. ուրեմն, այո՛, եթե կան սխալներ, մարդիկ են մեղավոր, առանձին մարդիկ, իհարկե՝ ղեկավարները: Եվ դա մեկ մարդու մեղքը չէ, դա համաշխարհային խնդիր է:
– Ստացվում է, որ աշխարհը կառավարող մարդիկ այնպիսիների թվին են պատկանում, որ ճիշտ չե՞ն անցել ինքնաճանաչման ուղին, սխալվե՞լ են իրենց հնարավորությունները գնահատելու հարցում:
– Դուք շատ ճիշտ որակեցիք այն սայթաքուն արահետը, որով անցնում են աշխարհի բախտը տնօրինողները: Ես կարծում եմ, որ մարդը որևէ գործ իր վրա վերցնելիս պետք է պատրաստ լինի: Ինձ էլ են երիտասարդ տարիքում շատ լուրջ պաշտոններ առաջարկել, բայց ես հասկացել եմ, որ պատրաստ չեմ և հրաժարվել եմ: Ինքնագնահատականը օբյեկտիվ պիտի լինի: Մարդը որևէ պատասխանատու դիրք զբաղեցնելու դեպքում պետք է կոնցեպցիա ունենա, հաշվարկի քայլերը: Ինքդ քեզ պետք է հարց տաս՝ ինչի՞ս է պետք այս պաշտոնը: Իմ առաքելությունը մարդկանց օգնելն է, որ կարողանան մերձենալ իրենք իրենց, լիարժեք ճանաչել սեփական եսը, իրենց անձնական որակները: Եվ եթե ես շեղվեի իմ այս առաքելությունից, կկորցնեի ինքս ինձ, կլինեի այլ մարդ, հնարավոր է՝ վատագույն ղեկավարը:
– Ի՞նչ եք կարծում, պետություններ, համաշխարհային կարևոր կառույցներ ղեկավարողներն իրե՞նք են որոշում, որ պիտի հայտնվեն բարձր դիրքերում ու ղեկավարեն տվյալ օղակը, թե՞ ինչ-որ տեղում, ինչ-որ հաշվարկների արդյունքում այլք են որոշում, թե որ կետում ում պիտի կարգեն ղեկավար և խաղացնեն նրան ու նրան ապավինած մարդկանց՝ ըստ սեփական քմահաճույքների:
– Ե՛վ այո, և՛ ոչ: Միշտ կյանքը համեմատում են ծովի հետ: Ծովի ալիքը կարող է ափ նետել և՛ ավազ, և՛ ամենայն աղբ. որքան մեծ ու հզոր է ալիքը, այնքան շատ է նրա բերած աղբը: Այսպես է և կյանքում: Տիեզերքը նույնպես շարժման մեջ է, չէ՞, կանգ չի առել տեղում, անվերջ տարուբերումների մեջ է: Ես ունեմ «Նախնիների հուշումը» վերնագրով նկար: Դրանում պատկերված է տիեզերքի շինարարությունը, և հստակ արտահայտված է խաչը, որ հավասարակշռում է տիեզերական տարուբերումները: Կոնկրետ պահին կատարվածը, եթե անգամ թվում է պատահականություն, այնքան էլ պատահականություն չէ: Դրա հիմքերը կան լեգենդներում. այդպես է կառուցված աշխարհը, ոչինչ նրանում պատահականորեն չի կատարվում: Մինչև այդ պատահականությունը լինում է որևէ նախերգանք: Յուրաքանչյուրն իր դերն է կատարում՝ անկախ ժամանակի պահանջներից: Այս մասին հրաշալի բանաստեղծություն ունի Մաքսիմիլիան Վոլոշինը՝ 1919 թվականին գրված: Բանաստեղծության մեջ հեղինակը, վկայակոչելով այդ ժամանակաշրջանի թեժ դասակարգային պայքարի փաստը, հայտարարում է, որ ինքը միայնակ կանգնած է հակամարտող շարքերի արանքում և իր ամբողջ ուժը հավաքած՝ աղոթում է թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի համար:
– Այսինքն՝ քաղաքական, կուսակցական, ազգամիջյան, դասակարգային և այլ բախումների արանքում հայտնված բանաստեղծը, արվեստագետը, ի վերջո, նորմալ մարդը պիտի կարողանա վե՞ր կանգնել ցանկացած հակամարտությունից, նույն վերաբերմու՞քն ունենալ մարդկային ճակատագրերի հանդեպ, անկախ նրանից, թե հակամարտության որ ճակատում են նրանք:
– Այո՛, հենց այդպես:
Զրույցը վարեց՝ Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում