Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը

Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԵրևանի «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՍՊԸ –ի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում:

«Հակատուբերկուլյոզային դիսպանսերը համարվում է առանցքային գործունեության օղակ ողջ քաղաքի հակատուբերկուլյոզային ծառայության համար: Հակատուբերկուլյոզային դիսպանսեր փորձում են մասնատել, մտցնել պոլիկլինիկաներ: Առողջապահության նախարարության կողմից փորձ է արվում իրականացնել հիվանդակենտրոն ծրագիր, նպատակն է ծառայությունը մոտեցնել հիվանդներին: Բայց այստեղ շատ լուրջ հարց կա՝ մոտեցնելով ազգաբնակչությանը, այդտեղ վարակի տարածման խնդիր կա, որովհետև մարդիկ պետք է հետազոտվեն նույն կաբինետներում՝ և առողջները, և հիվանդները, և ծերերը, և երեխաները»,- Panorama.am –ի հետ զրույցում ասաց «Հակատուբերկուլյոզային դիսպանսերի» ֆիզիատոր Անուշ Ալավերդյանը:

Նա նշեց, որ պոլիկլինիկաներում աշխատող տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներից որևէ մեկը չի համապատասխանում էպիդեմիոլոգիական նորմերին. «Օրենքով պետք է լինի 14 քառակուսի մետրից ոչ պակաս, սակայն այսօր 7-8 քառակուսի մետր սենյակում նստում են 3 բժիշկ, այդտեղ մտնում է հիվանդ, որի մոտ կասկածվում է, մտնում է երեխա, մտնում է արդեն տուբերկուլյոզով հիվանդ մարդ»:

Ա. Ալավերդանի խոսքով, նման որոշում են կայացնում՝ մտածելով, որ Հայաստանում տուբերկուլյոզը վերանում է, ներկայացնում են թվեր, որ նվազել է հիվանդությունը, բայց նման բան չկա: Նա նշեց, որ իրենց մոտ տարեկան հետազոտվում է 5000 մարդ՝ խորհրդատվության նպատակով:

«Ինչպես եք պատկերացնում՝ քաղաքային ծառաությունը փակվում է, այդ խորհրդատվության համար մարդիկ հասնում են Աբովյան: Ավելի նպատակահարմար չէ՞ քաղաքն ունենա իր ծառայությունը»,- ասաց նա:

Ա. Ալավերդյանի խոսքով, իրենց պահանջն է՝ չփակել Երևանի «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՍՊԸ-ն, քաղաքային դիսպանսերին միավորվի ողջ քաղաքի հակատուբերկուլյոզային ծառայությունը: Նա նշեց, որ «Հակատուբերկուլյոզային դիսպանսերը» փակելու դեպում 70-73 մարդ մնում է անգործ:

«Մենք սատար չենք կանգնել մեր վարչապետին, որպեսզի այսօր հերթով գործազուրկների քանակն ավելանա: Սակայն սա երկրորդ խնդիրն է, առաջինը՝ կանխարգելելլ տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը»,- նշեց ֆիզիատորը:

Նա ասաց, որ իրենց մտահոգությունների մասին գրություններ են ուղարկել Ազգային ժողով, քաղաքապետարան, շատ այլ պատկան մարմինների, սակայն «ասես թե մենք աշխարհի երեսին գոյություն չունենք»:

Նա նշեց, որ Աբովյանի տուբստացիոնարն էլ այսօր թերբեռնվածությամբ է աշխատում, այսօրվա վարված քաղաքականության պայմաններում, այսինքն տուբերկուլյոզով հիվանդներին տանը թողնելով, բուժելով, Աբովյանի ստացիոնարն էլ կդատարկվի ժամանակին:

«Չի կարելի արտասահմանյան ստանդարտներով Հայաստանում իրականացնել տուբերկուլյոզի ծրագիր»,- ընդգծեց տուբերկուլյոզային կաբինետի ֆիզիատորը:

Ա. Ալավերդյանը ափսոսում է, որ իրենց ծառայությունը քանդվում է: «Պրիմիտիվ պատաճաբանությոն են բերում, թե մեր հիմնարկությունը հեռու է: Ինչի՞ց է հեռու, Աբովյանի՞ց էլ է հեռու»,- նշեց նա:

Ա. Ալավերդյանն ասաց, որ իրենք ցանկանում են իրենց բողոքի միջոցով ուշադրություն հրավիրել հարցի վրա, «լուծում տան հարցին, ոչ թե անտեղի ուզում եմ և փակում եմ, չի կարելի մի քանի հոգու կամ մի հոգու կապրիզով հիմնարկություն փակել»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում