Հերվիգ Վան Շտաա. Խաղաղության ճանապարհը այլընտրանք չունի

Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ Տարածքային եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային, ով Երեւան է ժամանել մասնակցելու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող ԵԽ Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի Բյուրոյի նիստին եւ «Մասնակցային ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակով» թեմայով համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրին’ ԱԺ նախագահը կարեւորեց պարոն Շտաայի այցը Հայաստան եւ մասնկացությունը միջազգային համաժողովին: Նա բարձր գնահատեց Կոնգրեսի դերակատարությունը Հայաստանում տեղական իշխանությունների համակարգի կատարելագործման ու զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով’ տեղական ժողովրդավարությունը ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունների հիմնական ուղղություններից մեկն է լինելու: Նշվեց, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով Հայաստանը կփորձի իր ներդրումը բերել տեղական ժողովրդավարության եւ ԵԽ անդամ երկրների տեղական իշխանությունների միջեւ համագործակցության զարգացման նպատակներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար’ ԵԽ Տարածքային եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը նշեց, որ կառույցը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ եւ բարձր գնահատեց մեր երկրի ջանքերը տեղական ինքնառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում: Նրա խոսքով’ Հայաստանը այս ուղղությամ կարեւոր առաջընթաց է գրանցել: Հերվիգ Վան Շտաայը ողջունեց Հայաստանի որդեգրած միջմշակութային երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին: Երկուստեք ընդգծվեց, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: «Խաղաղության ճանապարհը այլընտրանք չունի եւ լուծումներ պետք է գտնվեն միայն այդ հարթությունում»,- ասաց Հերվիգ Վան Շտաայը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում