«Freedom House». Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարկել է «Անցումային շրջանում գտնվող պետությունները» խորագրով ամենամյա զեկույցը, որը նվիրված է 2012թ. Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի 29 երկրներում ժողովրդավարության զարգացման միտումներին:
Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը` վկայակոչելով «Freedom House»-ի պաշտոնական կայքէջին:

Հայաստանում ժողովրդավարության մակարդակը գնահատել են 5. 36 միավոր և Հայաստանն այդպիսով Կոսովոյի (5.25) և Ղրղզստանի (5.96) հետ ընդգրկվել է կիսաավտորիտար կառավարում ունեցող երկրների շարքում:

Հարավկովկասյան տարածաշրջանում Հայաստանն իր ցուցանիշով զիջում է հարևան Վրաստանին, որը 4.75 միավորով դասվել է հիբրիդային կառավարում ունեցող երկրների խմբին՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Ալբանիայի հետ:

Ժողովրդավարության վիճակը Ադրբեջանում (6.64), որը Տաջիկստանի (6.25 ), Ղազախստանի (6.57), Բելառուսի (6.71) Թուրքմենստանի (6.93), ինչպես նաև Ռուսաստանի (6,21) և Բելառուսի (6,71) հետ համալրել է ավտորիտար երկրների շարքը:

Պետությունները գնահատել են 7 միավորանոց սանդղակով, որում 1 միավորը լավագույն ցուցանիշն է (լիարժեք ժողովրդավարական երկիր), իսկ 7 միավորը վատագույն ցուցանիշն է (նշանակում է, որ տվյալ պետությունն ունի ավտորիտար կառավարում):

Իրավապաշտպան կազմակերպությունը զեկույցը կազմել է՝ հաշվի առնելով Կենտրոնական Եվրոպայի և եվրասիական երկրներում անցկացված ընտրական գործընթացները, ազատ մամուլի և քաղաքացիական հասարակության վիճակը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները:

Ըստ այդմ՝ երկրները դասակարգվել են 4 խմբի՝ ժողովրդավարական պետություններ (1.00–2.99 միավոր), կիսաժողովրդավարական պետություններ (3.00–3.99 միավոր), անցումային կառավարություններ կամ հիբրիդային կառավարում ունեցող երկրներ (4.00–4.99 միավոր), կիսավտորիտար(կիսաբռնապետական) կառավարում ունեցող երկրներ (5.00–5.99 միավոր), ավտորիտար (բռնապետական) երկրներ (6.00–7.00 միավոր):

Ամենաժողովրդավար երկիրը Սլովենիան է՝ 1.89 միավորով, որին հաջորդում են Էստոնիան (1.96 միավոր), Լատվիան (2.07միավոր), Չեխիան ( 2.14 միավոր):

Ստորև ներկայացնում ենք զեկույցից որոշ հատվածներ, որոնք հիմնականում վերաբերվում են Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին:

«Մինչ հարևան Ադրբեջանը բռնությամբ ճնշում էր ընդդիմությանը, Վրաստանում և Հայաստանում 2012թ-ին անցկացվեցին ընտրություններ նոր ընտրական օրենսգրքերի հիման վրա, որոնցով բոլոր թեկնածուներին հավասար հնարավորություն էր ընձեռվում նախընտրական քարոզչություն իրականացնելու և ԶԼՄ-ներում լուսաբանվելու համար: Ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ինչպես նաև քվերակության օրը խախտումներ արձանագրվել են, բայց ընդհանուր առմամբ երկու երկրներում էլ մրցակցային դաշտը բարելավվել էր և ընտրությունների արդյունքում ձևավորվել են ավելի ներկայացուցչական խորհրդարաններ: Առաջին անգամ Հայ ազգային կոնգրեսը տեղեր զբաղեցրեց Հայաստանի Ազգային ժողովում և սկսեց մասնակցել խորհրդարանի աշխատանքներին:

Վրաստանում էլ ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած դաշինքը, որը ղեկավարում էր միլիարդատեր Բիձինա Իվանիվիլին, վճռական հաղթանակ տարավ ընտրություններում, ինչի արդյունքում Վրաստանի անկախության ձեռքբերումից ի վեր առաջին անգամ այդ երկրում ընտրությունների միջոցով իշխանության փոխանցում տեղի ունեցավ:

2012թ-ի ընթացքում Ադրբեջանի և նրա կովկասյան հարևաններ Հայաստանի ու Վրաստանի միջև «անդունդը»՝ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, խորացել է: Վրաստանում և Հայաստանում անցկացված խաղաղ ընտրությունները մեծապես հակադրվում են Բաքվում անցկացվելիք Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթին նախորդած հավաքները բռնի ուժով ճնշելու, ինչպես նաև չարտոնված ցույցերին մասնակցելու համար բարձր տուգանքներ սահմանելու դեպքերին:

Երբ Հունգարիայի իշխանություններն ադրբեջանցի նախկին սպա Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու վերաբերյալ անակնկալ որոշում կայացրին, Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովին հերոսի կոչում շնորհեցին, անմիջապես ազատ արձակեցին նրան՝ այդպիսով խոչընդոտելով ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացը»:

Մայիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց առավել ներկայացուցչական խորհրդարան, թեև տարվա ավարտին երկու հիմանական ընդդիմադիր կուսակցությունները անսպասելի որոշում կայացրին 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում չառաջադրել իրենց թեկնածուներին և այդպիսով մարվեց իրական մրցակցային ընտրություններ անցկացնելու հույսը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում