Հրաչյա Թամրազյան. Գալարափողեր

Հրաչյա Թամրազյան. Գալարափողեր

Ես հաշտ եմ արդեն իմ օրերի հետ,
Ու անցնող օրն իմ՝ հայացք է մի ջերմ. –
Լուսեղեն մի հոսք, լինելության գետ
Կյանքի ու մահվան ափերի միջև,

Թեթև սահանքներ, խաղաղ անցումներ
– Օրերի խորքից բարձրացող խուլ ցավ –
Իրականության այս խլյակն անձուկ
Հետքն է մի ահեղ ալեբախության,

Որ ես հանձնում եմ հորձանքին խաղաղ,
Այդ տարերքի մեջ թող լողա հոգին,
Ու երգի նման մի խուլ աղաղակ,
Որ ինձ է կանչում օրերի խորքից,

Մղում է խոսել՝ ասես անցյալից՝
Մղում է լսել կորուսյալ ձայներ –
Ու մոտենում է գալիքն անձկալի,
Ու հեռանում է անցյալը հավետ:

Ու երազային այդ հոսքերի մեջ,
Ու լինելության նինջի մեջ ներսույզ
Ես հավերժության միակ գերին եմ,
Ու նա մղում է սուզվել իմ ներսում –

Ու անսալ անցյալ խորունկ ձայներին,
Ու ինքնամոռաց տրվել այդ խոսքին –
Ինչպես առուներն – սկիզբ առնելիս –
Հանձնվել նրա լուսեղեն հոսքին,

Ու այդ լուսեղեն բխմանն համընթաց
Մեր հայացքների գետն է ընթանում –
Նրանն է ամեն ծնունդ ու հղացք,
Ու գոյությունը մեր համընդհանուր,

Հունդերն անհամար՝ սերմերից ելած,
Կենդանիներն ու հարաճուն մարդիկ –
Մենք բոլորս ենք միանում իրար
Տարրալուծվում ենք ջրերից անդին՝

Նոր ակունքներում լույս ու խավարի.
Ուր անդունդներն են մթին կայծակում՝
Այդ անապական եզերքն անառիկ,
Որ աշխարհներ է ոգում անհագուրդ,

Ընձյուղված գոյի խորխորատներում
Ծլարձակում է խոսքն` իբրև պատգամ,
Ու բարձրանում է լույսն արմատներով,
Ու նրա խորքում ննջող ապագան

Հասունանում է – իբրև խակ պտուղ,
Կամքի լեռներն են խոյանում հավերժ֊
Մահն է խոյանում գալարապտույտ,
Ու խորտակվում է կյանքը գահավեժ,

Ու երակներն են մեր շատրվանում,
Ու մեր կրքերն են կրկին ընդվզում,
Ու ժամանակն է է լուռ հանգրվանում
Երազների մեջ՝ իբրև մեծ խզում…

Սակայն դառնում են հունդերը բոլոր,
Ու կյանքը ահեղ հորձանք է տալիս,
Խուժելով կրկին մի նոր կենսոլորտ,
Ու այդ մղումը՝ հավերժ կենդանի

Կրկին ճամփա է գալիքում հարթում՝
ճանապարհներով այդ անհանգրվան,
Ու հոգիների բյուրավոր գաղթերն,
Ու խոյանքները մեր տարագրված

Դեպի անհայտն են թևում խուռներամ,
Դռներն են բախում կրկին հավերժի,
Ուր խորտակվում են և՛ խոհ, և՛ երազ,
Ուր խառնվում է սկիզբը վերջին:

Ու զտված ահեղ այդ խառնարանում
Իբրև գոյության թրթռուն հյուլե,
Մեր երամներն են տուն վերադառնում,
Ու երազները մեր՝ իբրև կույրեր

Լու՜յս են մուրում, որ կյանքը չմեռնի
Լույս ակունքների վրա են հեղվում,
Ու գոյանում է այդ թաղված սերմից
Կյանքի հղացքը այս հուզազեղուն-

Որն ունի հայացք ու սուզվող աչքեր,
Որ ծայր է առնում խորունկ ապրումից… –
Ո՛չ մի գոյություն չկա առանց քեզ,
Առանց քեզ ոչի՛նչ գոյություն չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում