Արսեն Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեց, որ Հայաստանում իրավապաշտպանները մեռել են. Մալյան

Արսեն Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեց, որ Հայաստանում իրավապաշտպանները մեռել են. Մալյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Արսեն Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեց, որ Հայաստանում իրավապաշտպանները մեռել են, գոյություն չունեն, իրենց արգելված է խոսել, նման հայտարարություն արեց Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև բողոքի ակցիա իրականացնող ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն՝ ավելացնլով, որ «նրանց թույլ չեն տալիս այս դեպքի կապակցությամբ ծպտուն հանել, նրանց հրահանգավորել են լռել ու գլուխները կախել»։

«ՍԴ-ի ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանին ոչինչ չի կանգնեցնի իր բաղձալի աթոռին հասնելու համար։ Նա պատրաստ է սուտ մատնություններով նստեցնել բոլորին՝ միայն թե հասնի այդ բաղձալի աթոռին։ Բաբայանն իր ձերբակալությամբ ֆիքսեց, որ ՍԴ-ն մի ոսկոր է, որ կանգնել է իշխանությունների կոկորդին։ Նրա ձերբակալությունը ցույց է տալիս քաղաքական դաշտում տեղի ունեցող պրոցեսներն՝ իրենց ողջ խորությամբ», – ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով երեկ ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Վերջինիս պաշտպանները երեկ երեկոյան բողոքարկել են ձերբակալության մասին որոշումը։

Քաղաքական և իրավաբանական շրջանակներում վերջինիս ձերբակալությունը խոր տարակուսանք է առաջացրել։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Բաբայանի ձերբակալությունը շատ հարցեր է առաջացնում:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է. «Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է»։

Արսեն Բաբայանի ձերբակալության մասին այսօր արտահայտվել է նաև քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով նշել է, որ նման գործընթացը լրացուցիչ ճնշում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի ձերբակալման թեման չի շրջանցել նաև ՄԻՊ Արման Թաթոյանը, ով գրությամբ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում