Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը կմասնակցեն Եվրոպայի թիմային առաջնությանը

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը կմասնակցեն Եվրոպայի թիմային առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից տասը շախմատիստ կմասնակցի Վրաստանի Բաթում քաղաքում կայանալիք Եվրոպայի 22-րդ թիմային առաջնությանը:

Տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանց առաջնությանը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից, այն կմեկնարկի հոկտեմբերի 24-ին, թիմերի մոտ հոկտեմբերի 29-ին կլինի հանգստի օր և պայքարը կշարունակեն մինչև նոյեմբերի 2-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Կանանց առաջնությունում կպայքարեն Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը:

Տղամարդկանց հավաքականը մրցակից թիմերի վարկանիշային աղյուսակում 5-րդն է` 2676 միավորով: Ընտրանին 3 միավորով զիջում է Ադրբեջանի թիմին: Կանանց հավաքականը 2327 միավորով միայն 13-րդն է: Ռուսաստանի թե′ կանանց, թե′ տղամարդկանց թիմերը վարկանիշային աղյուսակում բացարձակ առաջատար են:

Առաջնության հաղթող և կանանց, և տղամարդկանց հավաքականները կստանան 8000 եվրո, արծաթե մեդալակիրը` 5000, բրոնզե մեդալակիր` 3000 եվրո պարգևավճարներ:

Եվրոպայի թիմային առաջնությունը 2017 թվականին անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում: Առաջնության գործող չեմպիոնը Ադրբեջանի հավաքականն է:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում