Ն. Փաշինյան. Ինչո՞ւ է գործարար Ռուբեն Վարդանյանին արտոնություններ տալու հարցը դարձել արդիական

«Դիլիջանի դպրոցի շինարարությունը սկսվել էր դեռևս երկու տարի առաջ, սակայն հարկային արտոնություններ տրամադրելու հարցը չէր քննարկվում: Ուրեմն ի՞նչ է փոխվել այսօր, որ գործարար Ռուբեն Վարդանյանին արտոնություններ տալու հարցն այսօր դարձել է արդիական: Փոխվել է մի բան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ոմն գործարար՝ Աշոտ Սուքիասյան անունով, 10 միլիոն դոլար է քցել Ռուբեն Վարդանյանին պատկանող Ամերիա բանկից: Ռուբեն Վարդանյանն այդ բանկի խորհրդի նախագահն է, իսկ այս նախագիծը կոռուպցիոն սկանդալի ուժով է քննարկվում»,- «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Aysor.am-ի փոխանցմամբ` հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Շարունակելով  խոսքը Փաշինյանն ասել է, որ հավանաբա իշխանություններն ամեն անգամ Ռուբեն Վարդանյանին հավատացրել են, որ հարցը կլուծվի, փողը կվերադարձվի, բայց, ըստ ամենայնի, նրա համբերության բաժակը, Փաշինյանի խոսքով, լցվել է մայիսի 29-ին, երբ հրապարակվեց, որ այդ փողերը հոսել են մի ձեռնարկություն, որի բաժնետերն են Տիգրան Սարգսյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը:

«Սա ապացույցն է եղել, որ քցել են ոչ միայն Ամերիա բանկին, այլ՝ հենց Ռուբեն Վարդանյանին: Նման չափի վարկի հատկացման համար միայն երկու անձի՝ Տիգրան Սարգսյանի և Սերժ Սարգսյանի երաշխիքը կարող էր լինել, որը կստիպեր գործարարին, ռիսկերը շրջանցելով, այդ չափի վարկ հատկացնել»,- ասել է ՀԱԿ պատգամավորը:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ չի ուզում, որ «Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «քցված» փողերի համար վճարի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում