Քանդակագործ Նունե Թումանյանի «ուշք ու միտքը»

Քանդակագործ Նունե Թումանյանի «ուշք ու միտքը»

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Քանդակագործ Նունե Թումանյանն, ով արդեն մի քանի տարի բարձրաձայնում է, որ Երևանը պետք է գեղեցկացնել նաև քաղաքային քանդակներով, շարունակում է քայլեր անել՝ ցանկությունն իրականացնելու ու Երևանն ավելի գրավիչ դարձնելու համար: Տիկին Նունեն հաստատակամ է իր դրած նպատակին հասնելու գործում:

Այսօր քանդակագործ, Նկարիչների միության անդամ, դոցենտ, «Women and Art Biennial 2014»-ում «Խաղաղության թեմայով արվեստի լավագույն գործ» մրցանակակիր Նունե Թումանյանի ծննդյան օրն է: Շնորհավորեցինք տիկին Նունեին, ցանկացանք, որ իր նախաձեռնությունն անպայման իրականանա ու Երևանում տեսնենք մեկը մյուսի հետևից «ծաղկող» քաղաքային քանդակներ: Հետաքրքրվեցինք, թե նորություն կա՞ այս ուղղությամբ, այսօրվա ոլորտի պատասխանատուների հետ հանդիպում ունեցե՞լ է, արձագանք կա՞:

«Նորություն դեռ չկա, բայց աշխատանքներ եմ տանում ծրագրի շուրջ: Ուզում եմ, որ պարզ լինի ծրագրի կարևորությունը՝ հատկապես զբոսաշրջության զարգացման գործում: Երկու անհաջող փորձ արել եմ: Երրորդի ճանապարհին եմ: Կարծում եմ՝ այս անգամ գոնե հանդիպումը կկայանա, ծրագրին ծանոթացնելու հնարավորություն կունենամ»,- ասաց քանդակագործը:

Առաջիկայում անհատական ցուցահանդես չի պլանավորում, քանի որ, ինչպես ասաց. ««Քաղաքային քանդակ» ծրագիրն ամբողջ ուշք ու միտքս իրանով է արել»:

Նունե Թումանյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Իտալիայում (Ռավեննա) Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործությանը նվիրված բիենալեներում (1996, 1998)՝ արժանանալով մրցանակի, Երևանում (2001, 2008, 2013), խմբակային ցուցահանդեսներ՝ Մոսկվայում, Երևանում, Միացյալ Արաբական Էմիրություններում (Շարջա), որտեղ արժանացել է բիենալեի միակ մրցանակին՝ «Խաղաղության թեմայով արվեստի լավագույն գործ»-ի համար: Նաև այլ մրցանակներ ունի՝ Դիվանագետների կանանց ասոցիացիայի շնորհակալագիր, «Երկարամյա անբասիր աշխատանքի համար» պատվոգիր ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից

Նունե Թումանյանը կազմակերպել է «Քաղաքային քանդակ» նախագիծի ցուցադրություններ, որն առաջին անգամ ներկայացվել էր 2015-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում