«Շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի Խաչի»
Նմանատիպ
Խաչը դատաստան է նրանց համար, ովքեր անարգում են այն, և փրկություն նրանց համար, ովքեր երկրպագում են: Եթե նախկինում մարդիկ իրենց կյանքն էին նվիրաբերում հանուն Քրիստոսի` նահատակության պսակը կրելով հավիտենական կյանքի համար, ապա այսօր պատկերը փոխվել և աստվածհայհոյության է վերածվել: Խաչանարգ ու աստվածամերժ այս դարում մարդիկ մոռացել են Քրիստոսի գթառատ սերը և լցվել ատելությամբ, ասում են, թե քրիստոնյա են, բայց անարգում են Քրիստոսին և նրա կենսաբեր խաչը իրենց անբարո կեցվածքով, ասում են, թե Աստված կա, բայց աստվածհայհոյության մեջ են կորչում հակառակը վկայող իրենց գործերով: Մարդը սովոր է արդարացնելու ինքն իրեն, որպեսզի արդարացնի մեղքը, ինչը հատուկ է սատանային: Անաստված այս դարում աստվածապատկեր մարդը դարձել է դրսից աստվածապաշտ, ներսից աստվածանարգ, իսկ ոմանք` անաստված: Կորցրել ենք երկյուղն Աստծո հանդեպ և չենք էլ մտածում, որ մեղքերի մեջ ենք և դեպի դժոխք ենք ուղղորդում մեր ընտրած կյանքի ուղին: Կյանքի հորձանուտը անդունդ է նետել մարդ արարածին, կորացրել մեղքերի մեջ և ուղղորդել աստվածանարգության: Հետ նայենք ու կտեսնենք, որ մեր հայրերը իրենց կյանքի ողջ իմաստը խաչի մեջ են տեսել: Մեր սուրբ հայրերը հստակ գիտակցում էին, որ հրաժարվել խաչից նշանակում է հոգեպես մերկանալ ու բարոյազրկվել: Խաչի խորհուրդը ոչ այլ ինչ է, եթե ոչ հավատքը` նախ Քրիստոսի, ապա մեր սրբազան Եկեղեցու ու նրա ավանդույթների նկատմամբ: ՈՒ եթե այսօր մենք ցավեր ու դժբախտություններ, ներքին խռովք ու տագնապներ ունենք, նշանակում է խաչից հեռացել ու Նրա խորհուրդն ենք ուրացել, և որ առավել սոսկալի է` անարգել ենք մեր անօրեն ապրած կյանքի իրականությամբ:
Դարեր ի վեր մեր նվիրումը Քրիստոսի վարդապետության հանդեպ, մեր հավատքը Նրա կենսաբեր խաչին պահպանել են մեր հայ տեսակը ու առավել ևս թույլ տվել որպես ազգ, որպես ժողովուրդ գոյատևել: Երբ ծառը կտրես արմատից` կչորանա, երբ այրես` կմոխրանա: Մենք, աստվածուրացության մեղքի մեջ ընկնելով, չորանում ենք, անարգելով Տիրոջ փրկարար խաչը` մոխրանում, և որ առավել ցավալի է` կամաց-կամաց դադարում ենք որպես ազգ, ժողովուրդ գոյատևելուց:
Երբ որևէ մեկին լքում է բանականությունը, նրա մեջ սկսում են գերիշխել բնազդը և բնազդային կրքերը, որ հատուկ են չորքոտանի կենդանիներին, հետևաբար, նման մարդուց խաղաղություն, անշահախնդրություն, սեր, նվիրվածություն սպասելը միամտություն կլինի, իսկ եթե մարդ բանականության և հավատքի մեջ է, նրա մեջ գերիշխում են հավատը և դրանից բխած աստվածահաճո բարի գործերը, որոնցով նա վերահաստատում է Քրիստոսի, Նրա փրկարար խաչի հանդեպ իր հավատը և նվիրումը:
Մենք մեր ողջ կյանքի ընթացքում մշտապես ընտրության առջև ենք կանգնած, և մենք ենք ընտրում մեր կյանքի ուղին, ըստ մեր ընտրածի ստանում համարժեք պատասխան:
Եթե հարատևենք անհավատության և աստվածանարգության մեջ, մեկ օր պետք է զղջանք, բայց ուշացած, անօգուտ ու ենթակա Աստծո դատաստանին: «Մինչ հիվանդանալը հոգ տար քեզ համար»,- ասում է իմաստունը, իսկ ժողովրդական ասացվածքը փաստում է. «Վնասի կեսից հետ դառնաս, օգուտը քոնն է»: Աստված մեր առջև կրակ և ջուր է դրել ընտրության իրավունքով` մեկով կզովանանք, իսկ մեկի մեջ ընկնելով` կայրվենք:
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում