Ռուսական «Գազպրոմի» հետ դեռ որևէ գործարք չի կատարվել

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հավաստիացնում է, որ դեռ որևէ գործարք չի կատարվել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ:Այս մասին գրում է Aysor.am-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլի հրապարակում կար, ըստ որի, ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, ըստ հրապարակման, հանդիպման ընթացքում խոսվել է «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» ավելացնելու մասին՝ 80%-ից հասցնելով 100%-ի։

«Որևէ գործարք կատարված չէ: Այս պահին բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է 20 % բաժնետոմսեր տալ-չտալու հարցը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ բանակցությունների սեղանին կան այլ հարցեր ևս:

Մինչև ամսվա վերջ, նախարարի խոսքով, բանակցությունները կավարտվեն: Ա. Մովսիսյանը լրագրողների մի շարք հարցերին պատասխանեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում և ինքը ոչինչ չի կարող ասել:

Ինչպես գրում է Tert.am-ը, հարցին, թե ի՞նչ իմաստ ունի 20%-ը հանձնել «Գազպրոմին», եթե ռուսական կողմը այդ դեպքում կարող է ցանկացած գին թելադրել, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Խնդիրը այդպես չի դրված, որ ինչ ուզենան անեն, բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահոված գազամատակարարում մենք ունենանք»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում