Պետությունը գլոբալ հարցում է սխալ. կինոյի կառավարման գործը վստահել է ապաշնորհ, անգրագետ, պետության շահը կինոյում չհասկացող մարդկանց. Հովհաննես Գալստյան

Պետությունը գլոբալ հարցում է սխալ. կինոյի կառավարման գործը վստահել է ապաշնորհ, անգրագետ, պետության շահը կինոյում չհասկացող մարդկանց. Հովհաննես Գալստյան

Ես կարծում եմ, որ նման ֆիլմերի ֆինանսավորումը ավելի ճիշտ է անցկացնեն հասարակական կազմակերպությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը` անդրադառնալով պետության կողմից ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող համանուն ֆիլմի նկարահանմանը 20 մլն դրամ տրամադրելուն:

«Պետությունը գլոբալ հարցում է սխալ, պետությունը կինոյի կառավարման գործը վստահել է մարդկանց, ովքեր ապաշնորհ են, անգրագետ են, չեն հասկանում պետության շահը կինոյում և կայացնում են որոշումներ, որոնք միայն իրենց են անձնապես ձեռնտու: Իրենք աջակցում են այն ռեժիսորներին, պրոդյուսերներին, որոնք մարդկայնորեն իրենց ենթարկվում են, հաճելի են: Կինոկենտրոնը դարձել է մի փակ ակումբ, որտեղ մուտք ունեն միայն յուրայինները: Ես որպես ռեժիսոր և պրոդյուսեր իմ պատվից ցածր եմ համարում այսօր գնալ կինոկենտրոն, քանի որ կինոկենտրոնը դարձել է առնետների ակումբ, որոնք միայն յուրայինների ֆիլմերին են աջակցում»,-ասաց նա և նշեց, որ պետությունը պետք է վերանայի իր հանձնաժողղովի կազմերը և փոխի:

Հովհաննես Գալստյանը իր «Տատիկի վարսերը» ֆիլմին պետական աջակցություն չտրամադրելը համարեց կինոկենտրոնի տնօրենի և մշակույթի նախկին նախարարի միջև ձեռք բերված հանցավոր համաձայնության արդյունք: «Դա անձնական ատելության, անձնական թշնամանքի վրա կառուցած ապօրինի որոշում էր և մենք դատարանում հաղթելու ենք ու «Տատիկիս վարսերը» ֆիլմը ֆինանսավորելու է: Այսինքն՝ այդ ֆիլմի ֆինանսավորումը կասեցնելը ես դիտարկում եմ որպես կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի անձնական վրեժխնդրության դրսևորում իմ, իմ ընկերության հանդեպ»,-ասաց նա:

Հովհաննես Գալստյանը նշեց, որ ռեժիսորը կարող է ցանկացած նախագիծ ներկայացնել, դա պետական հանձնաժողովի խնդիրն է՝ ընտրել այնպիսի նախագծեր, որոնք համապատասխանում են պետության քաղաքականությանը, ունեն գեղարվեստական որակներ և հարմար են արտադրության համար: «Եթե հանձնաժողովը որոշել է, որ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմը ստանա պետական աջակցություն, ռեժիսորին ոչնչով չի կարելի մեղադրել», – ասաց նա:

Նա նաև նշեց, որ պետության կողմից ֆինանսավորման ենթակա ֆիլմերի համար տաբուներ, թեմաներ որոնք չի կարելի ֆինանսավորել, չկան: «Ես նայում եմ, թե գեղարվեստական արժեք ներկայացնո՞ւմ է ֆիլմը, թե ոչ, քանի որ կարող է նկարահանվել ֆիլմ սեռափոխված մարդու մասին, բայց չտեսնված բարձրակարգ գեղարվեստական որակներով, կասկածում եմ, որ սա այդ ֆիլմն է լինելու, բայց խնդիրը այն չէ, թե տեսեք այդ թեմայով ֆիլմ են ֆինանսավորել, այլ խնդիր այն է, որ Հայաստանում կինոն ապաշնորհ, ու անգրագետ մարդկանց ձեռքում է: Մեծագույն խնդիրը հայկական կինոյի համար պետական գումարների բաշխման մեխանիզմին չվստահելն է, մենք՝ ռեժիսորներս, չենք վստահում այդ կինոկենտրոնին, որը ֆինանսներ է բաշխում», – ասաց նա:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում