Դե նախարարն էլ զբաղված է…

Այսօր կրկին պարզ դարձավ, որ ՀՀ Մշակույթի նախարարը տեղյակ չէ այն ամենից, ինչ կատարվում է իսկական Հայոց մշակույթի հետ: Տպավորություն է, որ մեր մշակույթի նախարարը չգիտի’ ինչ է մշակույթը, և իր ընկալումները սահմանափակվում են հայկական «արդի մշակույթով», որն իր մեջ պարունակում է մի շարք շոու բիզնեսի քյառթու-գլամուռային երևույթներ:

Շատ բան չեմ ներկայացնի նախարարի անտեղյակ լինելու փաստերց, այլ ընդամենը կներկայացնեմ վերջին 1-2 շաբաթվա իրականությունը: Օրինակ, երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Թումանյանի տուն-թանգարան կատարած այցի շրջանակներում Դսեղում գտնվող ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանի միջև սկսված խոսակցությունը վերածվեց վեճի: Այդ ընթացքում պարզվեց, որ նախարարը ոչ միայն տեղյակ չէր հանրապետական նշանակություն ունեցող և և իր ղեկավարած նախարարության հսկողության տակ գտնվող Դսեղի պատմամշակութային կոթողներին, այլև անտեղյակ է լրատվամիջոցների՝ իր ղեկավարած նախարարությանը վերաբերող հրապարակումներին: Այս մասին գրում է hetq.am-ը:

Թանգարանի բակում Հասմիկ Պողոսյանին նկատելուն պես Նորիկ Քոչարյանը մոտեցավ նրան և տեղեկացրեց, որ Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանոցում գտնվող քառակողմ հուշաքարն արդեն 18 աստճան թեքվել է իր առանցքից: Գյուղապետը հայտնեց, որ մի քանի անգամ նամակով դիմել է նախարարին , նամակներին պատասխանել է նրա տեղակալ Արևիկ Սամուելյանը. «Եվ ի՞նչ գրի, որ լավ լինի, գրում է, ասում է՝ եկեք Երևան, թողեք Ձեր գործը, գտեք մասնագետ կազմակերպություն»: «Տենց գրած չի լինի»,- գյուղապետին ընդհատեց նախարար Հասմիկ Պողոսյանը:

Մի քանի րոպե հետո գյուղապետը մշակույթի նախարարին ներկայացրեց մշակույթի նախարարի տեղակալ Արևիկ Սամուելյանի պատասխան գրությունը: Նախարարը գրությունը կարդալուց հետո ասաց, որ հուշաքարի ամրացման համար նախագիծ է հարկավոր, առանց դրան չի լինի, «ասեք, Ձեզ օգնենք»:

Բա ասենք, որ օգնեն, քանի որ նախարարը շատ զբաղված է, Երևանում հաճախ են լինում մշակույթային միջոցառումներ, փառատոններ և ինչպես կանոն նա պարտադիր ներկա է: Նախարարը ծանր աշխատանքի մեջ է: Այդքան միջոցառումների և փառատոնների մասնակցելը հեշտ գործ չէ:
Մի կողմ թողնենք Դսեղի պատմությունը, անցնենք այլ թեմաների:

Օրերս Times.am-ն իր հրապարկումներից մեկում անդրադարձավ այն թեմային, որ Բևերլի Շիլցը, ով նախորդ տարի մահացած ամերիկացի երաժիշտ և կոլեկցիոներ Գրովերա Շիլցի կինն է, որոշում է կայացրել Ադրբեջանի Պետական թանգարանին և Լատիֆա Քերմիովայի անվան ժողովրդական-կիրառական արվեստի թանգարանին մեկական գորգ նվիրել: Դրանցից մեկը շիրվանական է ‘ հյուսված ХIХ դարում, իսկ մյուսը գործվել է ХVII դարում և ամբողջ աշխարհում մեծ հռչակ ունեցող արցախյան «Վիշապագորգ» է: Իր տեսակի մեջ եզակի «Վիշապագորգը» հայ ձեռագործների կողմից կիրառվել է դեռևս 13-րդ դարում և այլ ազգերի արվեստի գործերի հետ որևէ նմանություն չունի:

Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ մշակույթի նախարարությունը, որտե՞ղ են միջադեպի վերաբերյալ ձեռք առնված միջոցառումները: Հարցը հարկ է բարձրացնել ՄԱԿ-ի գիտության, կրթության և մշակույթի հարցերով զբաղվող մարմնում ‘ ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է նախևառաջ ձեռք առնել կանխարգելիչ միջոցառումներ: Հուսով ենք, որ գոնե ուշացումով, սակայն հայկական կողմի արձագանքը կլինի:

Միգուցե իրոք, նախարարը զբաղված է, Դսեղը Լոռիում է, գորգերը արդեն Ադրբեջանում, այ եթե լինեին Երևանում, այլ խնդիր կլիներ, անմիջապես կշտկվեին բոլոր սխալները: Իսկ Փակ շուկան կամ ԱԳՆ-ի շենքը, ո՞վ է տեղյակ’ որտեղ են:

Պարզվում է’ նախարարը տեղյակ է այդ խնդիրներից և ունի իր ուրույն պատասխանը. Aravot.am-ը մի քանի օր առաջ հարց է հղել Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի մասին’ նշելով, թե մտավախություն կա, որ ԱԳՆ-ի շենքի վաճառքից հետո մյուս շենքերը եւս կամ կվաճառվեն, կամ կաղավաղվեն, քանի որ չկա մշակութային հոգածություն:

Հասմիկ Պողոսյանն էլ պատասխանել է.« Շենքի օտարումը դեռ աղավաղում չի, մեր հանրությունը մի քիչ վախեցած ա եւ ցանկացած օտարումից հետո, որպես երկրորդ քայլ, ինքը դիտարկում ա շենքի աղավաղում, իրականում դա ամենեւին նախապայման չի»:

Դե իհարկե, «շենքի օտարումը դեռ աղավաղում չի», «Վիշապագորգը» դե մեր հարևան Ադրբեջանում է, Դսեղում գտնվող քառակողմ հուշաքարը իր առանցքից շատ չի թեքված, ընդամենը18 աստճան է, դե նախարարն էլ զբաղված է…

Ինչպես գրված է Մշակույթի նախարարության պաշտոնական կայք էջում (Mincult.am-ում), Նախարարության գործունեության ընդհանուր նպատակը միտված է մշակութային ժառանգության պահպանմանը, համալրմանը, հանրահռչակմանը և ժամանակակից արվեստի զարգացմանը, ինչն էլ անում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Արուսյակ Սիմոնյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում