«Դրախտի դարպասը» ֆիլմի՝ ամբողջ աշխարհում տարածման համար քայլեր են արվում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարահային դիստրիբյուցիայի համար հերթական քայլերն արված են. ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը և գերմանացի համապրոդյուսերները ներկայացրել են ֆիլմը EWIP-ի շրջանակում։ ֆիլմի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 59 երկրներից 150 ներկայացված հայտերից ընտրվել էին միայն 28-ը, որոնց թվում է նաև «Դրախտի դարպասը», որը գրավել էր ընտրող հանձնաժողովի ուշադրությունը բարձր որակի, պատմության յուրօրինակ գեղարվեստական մեկնաբանության, համաարտադրությունների բազմազանությամբ։
Ջիվան Ավետիսյանը գերմանացի համապրոդյուսերների հետ, EWIP-ում բանակցություններ է ունեցել մասնակից դիստրբյուտորական ընկերությունների, վաճառքի գործակալների, ինչպես նաև հետարտադրական աշխատանքներ իրականացնող ընկերությունների հետ՝ ֆիլմի տարբեր լեզուներով կրկնօրինակում իրականացնելու համար։ EWIP-ը նոր ուղի է «Դրախտի դարպասը» ֆիլմի՝ ամբողջ աշխարհում տարածման համար։
Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները…
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:
«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է այս ամսվա ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում