Պռոշյանում կայանալիք գյուղապետի արտահերթ ընտրություններում թեժ իրավիճակ է սպասվում

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, հուլիսի 14-ին կայանալիք գյուղապետի արտահերթ ընտրություններին թեժ իրավիճակ է սպասվում. Առաջադրվելու մտադրություն այս պահին ունեն 4 թեկնածուներ: Մասնավորապես, ընտրություններում թեկնածությունն առաջադրելու համար ոստիկանության անձնագրային բաժնից Հայաստանում վեց տարվա բնակության մասին անհրաժեշտ տեղեկանք են վերցրել 4 մարդ, որոնց թվում են հիմնական թեկնածու, նախկին գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանը և դեռ նախորդ ընտրություններում առաջադրված ու չհաղթած ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը:

Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, Վովա Սահակյանն ասաց, որ մինչև հունիսի 22-ը կստանա Հայաստանում վերջին վեց ամսվա ընթացքում իր բնակության մասին հաստատող տեղեկանքը և կհասցնի առաջադրվել գյուղապետի ընտրություններում: Նշենք, որ առաջադրումների ժամկետն արդեն սկսվել է’ հունիսի 19-ից 23-ն է լինելու:

Վովա Սահակյանն ասաց, որ ինքն ինքնաառաջադրվելու է, բայց իրեն պաշտպանելու է Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը: Նա դեռևս վաղ համարեց գնահատել իրավիճակը. «Դիմել են տեղեկանք ստանալու, բայց դա չի նշանակում, որ առաջադրվելու են»:

Ինչպես  արդեն հայտնել էինք, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամին օրեր առաջ անդրադարձել է Կոտայքի մարզում Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատարի նշանակման շուրջ առաջացած լարվածությանը, որն ըստ նրա՝ ստեղծել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: 

Օրեր առաջ մի խումբ պռոշյանցիներ փակել են գյուղապետարանի մուտքը եւ չեն ընդունել գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմինե Մելիքյանին, նրանք պահանջել են Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից փոխել պաշտոնակատարին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում