Յուրի Բաշմետը Երևանում կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Նոյեմբերի 9-ին երևանյան ունկնդիրը կվայելի աշխարհի լավագույն ալտահարներից մեկի՝ Յուրի Բաշմետի կատարումները։ Այդ հնարավորությունը երաժշտասերներին ընձեռել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ որի շրջանակներում Հայաստան են հրավիրվել մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորները և մենակատարները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ nոյեմբերի 9-ի երեկոն նվիրված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն։ Նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները։ Վերջինս հանդես կգա ոչ միայն որպես կոմպոզիտոր‚ այլև հանդիսատեսը կկարողանա վայելել դաշնակահար Ալեքսանդր Չայկովսկու կատարողական վարպետությունը։ Մասնավորապես‚ նա դաշնակահար Դարիա Չայկովսկայայի հետ կկատարի իր Կրկնակի կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար։ Իսկ Յուրի Բաշմետը Ալեքսանդր Չայկովսկու հետ կներկայացնի «Էտյուդներ հասարակ տոներով» կոնցերտը՝ գրված ալտի, դաշնամուրի և նվագախմբի համար։
Նոյեմբերի մեկից ինը Երևանում անցկացվող «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում