Երկիր կառավարելը դժվար գործ է. Ըընդդիմությունը չի վերցնում իր վրա պատասխանատվություն

Իշխող քաղաքական ուժը չի կարողանում բռնել այն մարդկանց, ովքեր թալանում են մեր քաղաքացիներին ու մի բան էլ ասում է, թե’ մենք խոսում ենք մեր թերությունների մասին: Այս մասին Aysor.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Մեզ մոտ մեկ կուսակցության համակարգ է, որը չի կարող երկար գոյատևել: Մեզ հակակշիռներ են պետք: Պետք է լծակներ տալ ընդդիմությանը, որպեսզի այն կարողանանա վերահսկել ամեն բան»,- ասել է Լարիսա Ալավերդյանը:

ԱԺ նախկին պատգամավորի այս դիտարկմանը հակադարձել է ասուլիսի մյուս բանախոս, դարձյալ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը.

«Երկիր կառավարելը դժվար գործ է: Մեր ընդդիմադիր կողմը չի վերցնում իր վրա պատասխանատվություն: Ձեր նման մակարդակի մարդը թողեց ԱԺ-ն և դա պայմանավորված էր միայն ձեր քաղաքական ուժով, որը միայն մտնում է վարսավիրանոցներ և բարևում մարդկանց»,- ասել է Վարդան Բոստանջյանն ու ավելացրեց’ տեսե՞լ եք պատմության մեջ մի դեպք, երբ իշխանությունն ինչ-որ բան զիջի ընդդիմությանը, նման բաներ միայն հասարակական պահանջով են տեղի ունենում:

Լարիսա Ալավերդյանն, իր հերթին, PR է որակել վարչապետի այն հայտարարությունը, որի համաձայն Վերահսկիչ պալատի հայտարարած բացահայտումների գծով գործերը անհապաղ պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին և տրվեն պատասխաններ.
«Ես ասում եմ, իշխանությունը հայտարարում է’ կանենք ու չի անելու»,- ասել է Լարիսա Ալավերդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում