Ռազմիկ Դավոյան․ Ով իմ սուրբ աշխարհ
Նմանատիպ
Ով իմ սուրբ աշխարհ,
Իմ սուրբ հայրենիք,
Ահա իմ սիրտը քո ձեռքին սովոր
թռչունի նման
Խաղում է ոսկե մատներիդ վա
Եվ քո ափի մեջ
Երգի ոգեղեն հասկեր է կտցում.-
Եվ քո ափի մեջ
Երգի կաթնաբույր շաղախ է հունցում…
Ով իմ սուրբ աշխարհ,
Ահա իմ սիրտը
Քո հայացքների ջերմությամբ ապրող
Թռչունի նման
Իջնում է երկար քո թարթիչներին
Եվ գգվում է քո
Ճակատը ոսկե,
Եվ տաք շողի պես
Պլլվում է քոզ,
Եվ գրկում է քո գլուխը հուրհեր,
Եվ աղաչում է քեզանից հուրեր,
Թաքցրած հուրեր՝
Որ չդալկանա:
Նա քո ձայնի պես ապրում է քո մեջ,
Եվ դու ես նրան լույս աշխարհ բերում՝
Եվ աղաչանքով,
Եվ հառաչանքով
Եվ օրհներգությամբ,
Փառաբանության կրակներով պերճ,
Այդ դու ես նրան լույս աշխարհ բերում՝
Լույսը՝ լուսեղեն հրայրքների մեջ:
Ահա իմ սիրտը իր խոսքի երկար այս ճանապարհին
Անտեղյակ չանցավ քո տառապանքից,
Չկարողացավ ցավդ չտեսնել,
Չապրել վերստին
Կորուստներդ հին,
Հրաժարվելով ձրի ձեռք բերվող վարկից ու վարձքից,
Ընդվզեց հանկարծ
Քո խուլ ցավերի խուլ զարհուրանքից.-
Եվ պատարագի իր հազարագույն այս ճանապարհին
Հնչեց քո ամեն քարից ու ժայռից,
Հնչեց քո ամեն թփից ու այրից,
Քո ամեն վանքից,
Եվ փառաբանեց
Գոյատեւության զորությունդ մեծ
Եվ ամբաստանեց
Քո ոտքին կպած, ետքից քարշ եկող տխրությունը խեղճ,
Որովհետեւ նա քո ձայնի նման ապրում է քո մեջ:
Եվ տեսա հանկարծ,
Որ մեծ աշխարհի տառապանքի մեջ
Դեռ ծաղկում եմ ես,
Ծաղկում եմ ծաղկող արշալույսի պես՝
Բացված ձեռքերիս՝
Երազանքների աստղաբույլերը նորի ու հնի.-
Բացված աչքերիս՝ ոգեղեն փայլը
Մայրամուտներով խեղդվող անհունի,
Բացված շուրթերիս՝ դրախտների մեջ
Թափառող կանչը քո սուրբ անունի.-
Եվ ծունկի եկած Արեւիդ առաջ
Աղաչում եմ ես՝
Ա՜խ, իմ անունը թող տառապանքի ծաղիկ չլինի…
Աղաչում եմ ես Արեւիդ առաջ՝
Թող տառապ-անքի ծաղիկ չլինի,
Որովհետեւ մենք տառապում երկար
Եվ ապրում ենք կարճ,
Որովհետեւ մենք խարտվում ենք երկար
Եվ ապրում ենք կարճ,
Աղարտվում երկար,
Եվ ապրում ենք կարճ,
Խաղում ենք երկար,
Եվ ապրում ենք կարճ,
Ծիծաղում երկար,
Եվ ապրում ենք կարճ.-
Եվ մեծ բռնության հրաշքների պես
Մեռնում ենք երկա՜ր, երկա՜ր ու երկա՜ր,
Այդպես ապրում ենք հավիտենապես: