Սերգո Երիցյանը զուգարանի թղթի արտադրամաս ունի

«Մի հատ սուպերմարկետ կա Ալավերդու մեջ, ՊՊԾ պետինն է՝ Պարանյան Գևորգինը: Ալավերդու վերին մասում սրճարանը քրեական հետախուզության պետի տեղակալ Աշոտ Տիտանյանինն է: Սանահինի սարահարթում ռեստորան-սրճարանը մարզպետինն ու էլցանցի պետինն է: Երեք հատ ռեստորան ունի Վալերի Մեջլումյանը: Դրանք եղբայրն է աշխատացնում՝ Վալոդը: Բայց էս հաստատություններից օգտվողներն էլ իրենք են. ռեստորան գնալ, սուպերմարկետից առևտուր անել մենակ իրենք են կարողանում:

Հացի գործարանը Եսայան Կարենինն էր, վաճառեց մարզպետի եղբորը: Հա, բիզնեսմեններից մեկ էլ Սերգո Երիցյանն է, ով զուգարանի թղթի արտադրամաս ունի Ճոճկանում՝ շահումով»,- «Հրապարակ»-ին պատմել է Լոռուց երեկ մայրաքաղաք եկած և խմբագրություն այցելած քաղաքացին:

Պարզվում է՝ թղթի գնորդները կարող են փլեյեր շահել: Ալավերդցին էլի սև հումոր է անում. «Սրբիր, որ շահես»: Մարդիկ շարվեշարան գնում են Վրաստան, Ռուսաստան՝ աշխատանք փնտրելու: Մարդկանց մի խումբ էլ կա՝ գնում, Բագրատաշենում վրացիներին արյուն է հանձնում: Դոնորներ են: Դրանով են փող աշխատում: Այս ծանր պատկերը ներկայացնելուց հետո ալավերդցին անտրամադիր հեռանում է՝ համոզված, որ ոչ գրելն է օգնելու, ոչ էլ իր բողոքն է տեղ հասնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում