Ռուբեն Հովսեփյան. «Արագիլները վերադարձան»
Նմանատիպ
Մի ժամանակ կարծում էի, թե արագիլներն են գարուն բերում։ Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը:
Պապս ասում էր՝ գարունը ընկնում է երկնքից, աստծու տվածն է։
Հայրս ասում էր՝ տարին ունի չորս եղանակ՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն։
Մայրս ասում էր՝ էլի ցեխոտել ես շալվարդ, դու փնթի տղա ես։
Իսկ ես համոզված էի, որ արագիլներն են գարուն բերում։
Երկու արագիլ էին՝ էգը և արուն։ Մեր փոքրիկ քաղաքում բամբակազտիչ գործարան կար, կարմիր-կարմիր տանիքով։ Ահա հենց այդ կարմիր-կարմիր տանիքի վրա էր հյուսված արագիլների զամբյուղաձև բույնը։ Ամեն գարնան սկզբին ուղիղ քաղաքի վերևում Աֆրիկայից, թե մի այլ հեռու տեղից, գալիս էին արագիլներն ու պտտվում։ Սկզբում պտույտների շրջանը մեծ էր. կկոցում էի աչքերս գտնելու նրանց ամպերի ճերմակ փրփուրների մեջ։ Հետո շրջանը փոքրանում էր, և նրանք պտտվում էին գործարանի վերևում։ Հետո էլի էր փոքրանում։ Ասես ներքևից մեկը անընդհատ փաթաթում կարճացնում էր նրանց ոտքերից կապված թելը։ Եվ այս անգամ նրանք պտտվում էին լայն բնի շուրջ։ Երբ արդեն կանգնում էին տանիքին, թվում էր, թե նրանք ոտքեր չունեն։ Ոտքերը կարմիր էին, տանիքը կարմիր էր։
Մայր արագիլը երկար կտուցով կսմթում էր ինքն իրեն, թքում-հարդարում էր գզգզված, փոշոտված փետուրները։ Իսկ արուն գործարար, տղամարդկային հայացքով զննում էր շրջապատը՝ որևէ փոփոխություն չի՞ եղել ձմեռվա ընթացքում։
Այդ օրվանից ճերմակում էին կարճահասակ բալենիները, ծիրանիները, հետո դեղձենիներն էին ներկոտվում նուրբ թափանցիկ ծաղիկներով։ Այդ օրվանից ես մի ծառից մյուսն էի թռչում խեժ գտնելու։ Այդ օրվանից քրդուհիները «մացուն, լավ մացուն» էին բղավում։ Այղ օրվանից հարևան աղջիկները կարմիր, դեղին, կապույտ գոգնոցները սպիտակ ոտքերի արանքներում խճճելով դաշտ էին գնում բանջար քաղելու, իսկ ողջ գիշերները տանիքն էին ճանկռում մռմռ կատուները։ Եվ մեր խաղերն էին սկսվում, գարնանային խաղերը.
– Կի-կի-դա-նա-կի…
Այսպես էր գարունը գալիս։ Արագիլներն էին բերում։
Երևանից որսորդական ընկերության տոմսը գրպանը դրած մի հրացանավոր գալիս է մեր կողմերը կաքավ սպանելու անզուսպ վճռականությամբ։ Այս կողմ, այն կողմ՝ կաքավ չկա։ «Թյու» ասում է երևանցի հրացանավորը ու մտնում Սև ջրի եղեգնուտների մեջ։ Մտածում է այսպես. եթե կաքավ չկա, հերն էլ անիծած, վայրի բադերն էլ պակաս համեղ չեն։
Եղեգները շրշացել են, ինչպես կնոջ փեշերն են շրշում, և որսորդական հրացանի փողը ուղղվել է այդ կողմը: Տրաք-տրաք… մոտեցել է, տեսել արյունը ու ետ փախել, փախել այնքան, մինչև պատահական մի բեռնատար վերցրել է նրան։ Վարորդն ասել է.
– Երեսիդ գույն չկա, ախպերացու։
Սա ձայն չի հանում։ Վարորդը կասկածանքով նայել է հրացանին։
– Դու հո…
– Չէ, չէ… կարծեցի բադ է, բայց… արագիլ էր։
– Էհ, ախպերացու,- ասել է վարորդը,- ես քեզ հիմա կիջեցնեի մեքենայից, բայց դե… Ախր, ամեն մարդ հրացան չպիտի վերցնի, ախպերացու։ Հրացան վերցնողը չպիտի սխալվի, ախպերացու։ Թե չէ, ի՞նչ դուրս կգա…
Մայր արագիլը երկար սպասեց ընկերոջը։ Կանգնում էր գործարանի տանիքին ու կտուցը վեր տնկած սպասում։ Նրան թվում էր թե հիմա ուր որ է օդը ծածանվելու է ծանոթ թևերի թափահարումից։ Աշնանը չվեցին կռունկները։ Մայր արագիլը ճանապարհեց նրանց կտուցով ու մնաց։ Մնաց ձմեռելու։ Մեր հարևան պառավները խաչակնքում էին երեսները: Նման բան չէին տեսել։
Պապս խոսում էր ինքն իր հետ՝ արագիլն էլ մարդ է։ Մարդու նման սիրել գիտե։
Հայրս հայհոյում էր որսորդին՝ կույր շանորդի։
Մայրս ձգում էր ականջս՝ մեկ էլ չլսեմ, որ մտնես եղեգների մեջ։ Չլսեմ։
Իսկ ես մտածում էի գարնան մասին։ Եթե չչվի մայր արագիլը, էլ ո՞վ պիտի գարուն բերի։
Մայր արագիլը ձմեռեց բամբակազտիչ գործարանի տանիքին։
Բայց գարունը եկավ։ Ես զարմացել էի։ Էլի սպիտակել էին բալենիները, ծիրանիները, էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով էին ներկվել դեղձենիները… Սակայն խեժն այլևս այն համը չուներ, գարնան մեջ ինչ-որ բան պակաս էր։
Հայրս տանը չէր, դարբին Գրիգորը տանը չէր, քեռի Գևորգը, թաղի մնացած տղամարդիկ նույնպես, և մայր արագիլն էլ չէր դիմացել ձմռան ցրտին՝ մեռել էր։
Մեր խաղերը այլևս «կիկի-դանակի» չէին, այլ’ կռիվ-կռիվ:
Հիշում եմ, թե ինչպես քաղաքում երևաց առաջին հենակավորը։ Քաղաքը լուռ էր, և այդ լռության մեջ, ինչպես մուրճի հարվածներ, զույգ հենակ էր թըկ-թըկում։
Հիշում եմ, թե ինչպես մի ամառ Երևան գնացինք, հորաքրոջս մոտ։ Առաջին անգամ տեսա իսկական, կենդանի գերմանացիների։ Դրանք ֆաշիստներ չէին, դրանք պարզապես գերմանացիներ էին՝ մաշված համազգեստներով, առանց ուսադիրների, շեկլիկ մազերով և տխուր աչքերով։ Հարևանի տղա Միշիկի հետ պատշգամբից լրագրեր էինք նետում նրանց և փոխարենը ստանում փայտե խաղալիքներ։ Մի խաղալիք-մարզիկի համար մենք երկար կռվեցինք։ Միշիկն ինձնից ուժեղ էր՝ խլեց։ Մի քանի օր անց, ստացվեց Միշիկի հոր սպանության լուրը: Միշիկի մայրը լաց էր լինում, հորաքույրս լաց էր լինում, Միշիկը լաց էր լինում, ես էլ էի լաց լինում։
Հետո մենք, ոտքերի տակ գցելով, փշրեցինք խազալիք-մարզիկը և պատշգամբից այլևս լրագիր չէինք նետում…
Այս ամենը ստիպեց ինձ հիշել հորս հեռախոսազանգը։ Զանգեց ու մի քիչ կարոտով, մի քիչ բարկացած ասաց.
– Տղա, դու հո Նոյի ագռավ չե՞ս։ Ինչո՞ւ չես գալիս։ Ամուսնացել ես, լավ ես արել, բայց հայրական տուն կա, որ պիտի նորոգվի, հող կա, որ պիտի մշակվի։ Դու չգիտե՞ս, որ գարուն է եկել։
– Գիտեմ, – ասացի,- Երևանում էլ են կանաչել ծառերը։
– Այս տարի լավ բերք է սպասվում,- շարունակեց հայրս,- վերադարձել են արագիլները։
– Ի՞նչ արագիլներ,- զարմացա ես։
– Արագիլներն էլի՞, չես հիշում։
Ու ես հիշեցի։
Հիշեցի տարիներ շարունակ անտեր մնացած բույնը, որից ամեն թեթև քամի շյուղեր էր փախցնում։ Ինձ միշտ թվում էր, որ մեր փոքրիկ քաղաքի վրա պատերազմը միայն մի ռումբ էր գցել, գցել էր արագիլների բնի վրա։
– Չե՞ս հիշում։
– Հիշում եմ։ Կգամ։
Վաղը շաբաթ է ու կգնամ։ Կգնամ տեսնելու արագիլներին։ Կգնամ ծառերից խեժ պոկելու, կգնամ զգալու գարունը։
Հետաքրքիր է, որտե՞ղ է հիմա Միշիկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում