ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն առավել քան տարօրինակ է. Իվետա Տոնոյան

ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն առավել քան տարօրինակ է. Իվետա Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ քննարկում չենք ունեցել, կարող եմ իմ անձնական կարծիքն ասել, որ հապճեպությունն առավել քան տարօրինակ է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ես չեմ հասկանում, թե որքանով է հասունացած այդ հարցը հապճեպության ռեժիմով քննարկման դնելու համար»,- ասաց Տոնոյանը:

Ինչ վերաբերում է դրա ենթադրյալ հետևանքներին, ապա Իվետա Տոնոյանը նշեց. «Առավել քան վստահ եմ, որ հարկադրաբար Սահմանադրական դատարանի որևէ դատավոր չի կարող թոշակի ուղարկվել և, բնականաբար, բոլոր գործընթացները պետք է իրավական հարթության մեջ տեղի ունենան, և բացառապես իրավական գործիքակազմ պետք է կիրառվի այս հարցի հետ կապված»:

Իվետա Տոնոյանը տարօրինակ համարեց նաև արդարամտության նախարար Ռուստամ Բադասյանի այն պնդումը, որ նախագիծը նպատակ ունի պարզելու դատավորների բարեվարքության հետ կապված հարցը: «Խիստ անհասկանալի է, թե որքանով վաղ թոշակի անցման նախագիծը դատավորների բարեվարքությունը պարզելու նպատակ ունի»,- ասաց նա:

Նշենք, որ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի անցնելու վերաբերյալ նախագիծը օրեր առաջ է հաստատվել կառավարության նիստում:

Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրինագծին, նա նշեց, որ օրենքին դեմ քվեարկելն իրենց կողմից ամենևին չի վերաբերում անձերին կամ «օրենքով գողերին»: Տոնոյանը նշեց, որ ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի, սակայն այս դեպքում երբ օրենքը ծայրից ծայր խոցելի է, բազմաթիվ լուրջ խնդիրներ կան: «Օրինակ` ինչ է նշանակում քրեական աշխարհում կարգավիճակի չափելիություն, դա վկայականով տրվող գործընթա՞ց է: Մենք լուրջ մտահոգություններ ունենք, այդ իսկ պատճառով դեմ ենք քվեարկել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում