Ադրբեջանը բողոքով է պատասխանում Եվրախորհրդարանի բանաձեւին

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել ի պատասխան Եվրախորհրդարանի’ հունիսի 13-ի ընդունած բանաձեւի: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ըստ աղբյուրի, այս առիթով աշխատանքային խումբ է ստեղծվել:

Ադրբեջանի կողմից ընդունած բողոքի հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը Եվրանեստի համահիմնադիրներից է եւ «պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ»: «Այդ բանաձեւի ընդունումն անհասկանալի է: Եվրախորհրադարանի այս քայլը, որը որեւէ բացատրություն չունի, շատ ցավալի է: Մի քանի հոգու բանտարկության ժամկետները երկարացվել են, քանի որ նոր դեպքեր են պարզվել: Եւ բանտարկվածներին անմիջապես եւ անկախ որեւէ պայմանից ազատ արձակելու պահանջն անընդունելի է»:

Հիշեցնենք, որ որ Եվրախորհրդարանը հունիսի 13-ին ընդունել է «Ադրբեջան. Իլգար Մամեդովի գործը» վերնագրով բանաձևը: Վերջինս դատապարտում է Ադրբեջանի կառավարությանը՝ մարդու իրավունքները ոտնահարելու համար: Խոսքը Բաքվի Քաղաքական Հետազոտությունների դպրոցի տնօրեն Իլգար Մամեդովի ձերբակալման մասին է: Ակնհայտ է, որ նրա ձերբակալությունն ունի քաղաքական պատճառներ:

Ադրբեջանի ընդունած հայտարարության մեջ նշվում է, թե իբր Ադրբեջանն ընտրել է դեմոկրատական զարգացման ճանապարհը:

Սակայն սա միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանը դատապարտելու առաջին դեպքը չի: Մարդու իրավունքների, մամուլի եւ խոսքի ազատությունը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներ շատ հաճախ են կոչ անում Ադրբեջանի իշխանություններին հարգել մարդու իրավունքները, չխոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում