Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա «Խառը զգացմունքներ» ներկայացումը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բայերի «Խառը զգացմունքներ» պիեսի հիման վրա բեմադրված համանուն կատակերգությամբ: Բեմադրությունն իրականցրել է ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացման առաջնախաղերը նախատեսված են նոյեմբերի 22-23-ին:
Բայերի պիեսները բեմադրվել են Բրոդվեյում, դրանց սցենարների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր: «Խառը զգացմունքներ» պիեսը երկու միայնակ մարդկանց մասին է: Կինը կորցրել է ամուսնուն, տղամարդը` կնոջը: Նրանք ցանկանում են կրկին զգալ կյանքի համը:
«Խառը զգացմունքներ» պիեսը մարդկային նյութ է, փոքր-ինչ սենտիմենտալ: Այն սիրո մասին է, այն մասին, որ ցանկացած տարիքում յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ ինքն ինչ-որ մեկին պետք է, զգա, որ միայնակ չէ:
Ներկայացման մեջ ներգրավված են ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Բալանդինան և Արման Ղազարյանը, Գրիգորի Կիրակոսյանն ու Անտոն Աղաջանյանը:
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, կոմպոզիտորը՝ Մարինա Բրուտյանը, խորեոգրաֆը` Նունե Կիրակոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում