Մեր միտքը պետք է լինի այնտեղ, որտեղ մեր մարմինն է

Մեր միտքը պետք է լինի այնտեղ, որտեղ մեր մարմինն է

(Հոգևոր պայքարի մասին, մաս 2-րդ)

Հայր Նիկոն Աթոսացին իր հոգևոր զրույցներում ասում է՝ եկեք խոսենք չար մտքերը չեզոքացնելու չորս եղանակների մասին: Դրանք կարող են մշակվել և համակարգվել: Ահա մի պարզ միջոց՝ վատ միտքը հենց սկզբից վանել, ետ մղել, մերժել: Մենք չպետք է թույլ տանք, որ չար միտքն արմատավորվի մեր մեջ: Հենց միտքը հայտնվում է, անմիջապես մերժում և հեռացնում ենք այն, եթե հստակ է, որ վատ միտք է: Այսպիսով, ենթադրենք՝ գիտեք, որ մարդասպան է եկել ձեզ կործանելու և թակում է պարտեզի դուռը: Եթե չեք բացում, ապա դուք ապահով եք, նա հեռու է: Եթե թույլ տաք, որ մտնի պարտեզ և սկսի թակել տան դուռը, ապա նա ավելի է մոտեցել ձեզ: Այժմ նրան հեռացնելու համար հարկավոր է, որ նրան դուրս հանեք բակից: Եթե տան դուռը բացեք, նա կբարձրանա վերև և կսկսի թակել այն սենյակի դուռը, որտեղ դուք եք: Եվ նրան դուրս հանելը շատ ավելի դժվար կլինի: Եթե բացեք սենյակի դուռը և սկսեք պայքարել նրա դեմ, շատ ավելի բարդ կլինի: Նույնը հիվանդության դեպքում է: Բժիշկն ասում է, որ ձեր հիվանդությունը նախնական փուլում է և մի փոքր բուժում է անհրաժեշտ: Վերցրեք այս դեղահաբերը: Եթե համբերատար լինեք, կբուժվեք: Եթե ոչ՝ հիվանդությունը կզարգանա, անհրաժեշտ կլինի ավելի շատ հաբեր և հակաբիոտիկներ ընդունել: Եթե այդ էլ չանես, կհասնես վիրահատության ու հայտնի չէ՝ կապրես, թե՝ ոչ: Ուստի, անմիջապես, հենց ամենասկզբից անհրաժեշտ է չար միտքը հեռու վանել: Եթե գիտենք, որ այն չար է, ապա որևէ արդարացում չունենք: Մենք չպետք է մտածենք վատ բաների մասին, ընդունենք վատ մտածումներն ու մտքերը: Այո՛, բայց խնդիրն այն է, թե դա ինչպես անել: Պետք է ջանք գործադրել, աշխատել այդ ուղղությամբ, ճիշտ այնպես, ինչպես քայլ առ քայլ սովորում ենք ամեն ինչ` վարժանքներ, համառություն: Պետք է սովորենք ուշադիր լինել, և ցրվածությունը պակասեցնել: Մեր միտքը պետք է միշտ սթափ լինի և սթափությամբ խորհի: Ինչ-որ մեկը շշնջում է մեր ականջին: Ի՞նչ է ասում հիմա: Ուշադի՛ր լինենք: Մեր միտքը շեղվո՞ւմ է այլ կողմ: Վերադարձնե՛նք այն իր տեղը: Որտեղ մարմինն է, այնտեղ էլ միտքը պետք է լինի: Մարմինը չպետք է լինի մի տեղում, մենք՝ մեկ ուրիշում, իսկ մեր միտքը՝ երրորդ վայրում: Չենք կարող հանկարծակի միտքը վերադարձնել իր տեղը: Պետք է աստիճանաբար անենք: Եթե ողջ կյանքում անընդհատ թույլ ենք տալիս, որ միտքը շեղվի, ապա դա սովորություն է դառնում: Երբ աղոթքի ժամանակը գալիս է, կամ եթե անհրաժեշտ է հոգևոր ջանքեր գործադրել, որևէ բան կարդալ և ընթերցածն ընկալել, պետք է ուշադիր լինել: Միտքը չի կարող կենտրոնանալ, եթե ողջ օրը խիճ ու աղբ ենք հավաքել: Հետևաբար, առավոտից սկսած պետք է ձեր միտքն իր տեղում պահեք: Որտե՞ղ եմ, այստե՞ղ: Ի՞նչ եմ անում: Ես կատարում եմ այս աշխատանքը: Կարևոր է, որ միտքը ձգելով բերես այստեղ՝ իրական ներկան: Մարզվում ես, և դա սովորություն է դառնում: Այո՛, բայց ինչի՞ մասին մտածել: Միտքը չի կարող պարապ մնալ: Այն պետք է մտածի: Մենք չենք կարող անընդհատ մտածել ասենք, օրինակ՝ մի կտոր թղթի մասին: Ի՞նչ անել: Շատ պարզ է. եկեք թույլ չտանք, որ մեր միտքը հազարավոր բաներով լցվի: Միտքը չի կարող անշարժ մնալ, չի կարող հանգստանալ: Այն պետք է աշխատի: Հնդկական մի ասացվածք կա, թե ինչպես կարելի է մտածել միայն լավ բաների մասին. «Եթե սենյակում փիղ դնես, ապա ուրիշ ոչնչի համար տեղ չի մնա»: Չափազանցություն է, բայց շատ բնորոշ: Եկեղեցու հայրերն ասում են. «Լա՛վ ուսումնասիրիր, որպեսզի վատ չուսումնասիրես: Լա՛վ բաների մասին մտածիր, որպեսզի վատ բաների մասին չմտածես: Ուշադի՛ր նայիր, որպեսզի վատ չտեսնես: Ուշադի՛ր լսիր, որպեսզի վատ չլսես»: Միտքը չի կարող անշարժ մնալ: Նա սնունդ է փնտրում, աշխատանք է փնտրում: Լա՛վ սնունդ տուր նրան, որպեսզի վատ սննդի տեղ չմնա: Բարի մտքերի միջոցով չեզոքացրո՛ւ չար մտքերը, դո՛ւրս հանիր և չթողնես դրանք քո մեջ: Առաջին ուղին` վատ մտքերի կտրուկ մերժումն է հենց սկզբից: Երկրորդը դրանց տեղ չտալն է: Երրորդը` դրանց ծագելու պատճառներից խուսափելը: Պետք է խուսափենք այն պատճառներից, որ վատ մտքեր են ծնում, որոնք էլ տիրապետում են մեզ, և որոնց ուզում ենք հեռացնել: Օրինակ՝ չենք կարող ասել, որ վատ մտքեր չունենք, երբ գռեհիկ երգեր ենք լսում: Դրանք մնում են մեր մտքում, ուստի պետք է խուսափել չարիքի պատճառ հանդիսացող վայրերից:

Երբ մի թմրամոլ մոտեցավ Հայր Պաիսիոսին, ծերն ասաց.

– Ինչպե՞ս վարվեմ քեզ հետ: Նման ես մի մարդու, որը ցանկանում է ծխելը թողնել, բայց պտտվում է ծխախոտ վաճառողների տաղավարներով: Նա մեկ անգամ չի գնի, երկրորդ անգամ, բայց երրորդ անգամ անպայման կգնի: Պետք է ոչ միայն ուշադիր լինես մտքերիդ, այլև զգուշանաս քո մեջ չարիք ծնող վայրերից:

Հոգևոր հայրերն ասում են. «Վազի՛ր և փրկվի՛ր»:

Երբ ես ուսանող էի, որոշեցինք գնալ՝ մի անվայելուչ կինոնկար դիտելու: Ընկերոջս հարցրի.

– Կգնա՞ս:

Նա պատասխանեց.

– Իսկ կգնա՞ արդյոք Քրիստոս:

– Ի՞նչ ասացիր:

– Երբ ուզում եմ ինչ-որ տեղ գնալ, ինքս ինձ հարցնում եմ՝ արդյո՞ք Քրիստոս կգնա այնտեղ: Եթե իմ խիղճը համաձայն է, ուրեմն գնում եմ:

Ես քարացել էի: Նա գտել էր այն վայրերից խուսափելու միջոցը, որտեղ թակարդներ կային: Ամեն ինչ պարզ է. դուք պետք է որոշ բաներ սովորեք, հիշեք դրանք և գործնականում կիրառեք: Սա երրորդ միջոցն է՝ խուսափել պատճառներից: Հասկանո՞ւմ եք, խնդիրն այն է, որ մենք «ուզում ենք» և «չենք կարող»: Մենք ուզում ենք անհապաղ հեռացնել չար մտադրությունը և չենք կարող: Մենք ուզում ենք խուսափել այն վայրերից, որոնք մեզ անկման կտանեն, բայց չենք կարող: Մենք ուզում ենք լավ բաների մասին մտածել, բայց չենք կարող: Սուրբ Պողոս առաքյալն ասում է, որ կարող է ամեն ինչ անել: Նա ինչպե՞ս կարող էր այդ անել: Մարդկային միտքը կարող է մեկ դարի փորձառություն ունենալ, ոչ ավելին, քանի որ մահանում ենք: Իսկ սատանան հազարամյակների փորձ ունի: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել փորձությունները: Ինչպե՞ս վարվեց սուրբ Պողոսը առաքյալ: Նա նշում է. «Ամեն ինչի կարող եմ նրա շնորհիվ, ով ինձ զորացրեց» (Փիլ. 4.13), այսինքն՝ երբ Ինքը՝ Քրիստոս է ինձ ուժ տալիս: Քրիստոս ասաց. «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15.5): Առանց Նրա օգնության ոչինչ չենք կարող անել: Այն պահին, երբ գնում ենք խոստովանահոր մոտ, արդեն կտրում ենք սատանայի ոտքերը: Քահանան կարդում է թողության աղոթքը: Սատանան անհետանում է: Մենք չենք կարող հենց այնպես խոնարհ լինել: Ինքդ քո առջև խոնարհ լինելն անիմաստ է: Մենք պետք է խոնարհ լինենք մեկ այլ մարդու առջև՝ հանուն Քրիստոսի սիրո, հանուն Քրիստոսի պատվիրանը պահելու:

Արդեն ասել ենք, որ անցել է այն ժամանակը, երբ սատանան հայտնվում էր եղջյուրներով և պոչով: Հիմա նա գալիս է լավ գաղափարի տեսքով՝ առողջ մտքի տեսքով: Ուստի, հետևեք իմ ասածին՝ ազատվե՛ք չար մտքերից, վտարե՛ք դրանք, խուսափե՛ք դրանց պատճառներից և դիմե՛ք Եկեղեցու Սուրբ Խորհուրդներին:

Իսկ ի՞նչ անել, եթե սատանայից «բարի» միտք է գալիս: Ինչպե՞ս դա հասկանալ: Գոյություն ունեն դևերի շատ տեսակներ և մեր հանդեպ դիվական երկու տեսակի տիրապետում: Սատանան մեզ տիրապետում է երկու ձևով: Գոյություն ունեն կոպիտ դևեր՝ դավաճանության, պոռնկության, ցանկության դև: Այն, ինչ զգում ենք, միշտ չէ, որ բնական է: Հարևան վանքում մի վանական կար, որը հանկարծ սկսեց ուտել, ուտել, ուտել: Օրական տասը մեծ հաց էր ուտում, սակայն գեր չէր: Ո՞ւր էր գնում այդ տասը հացը: Հոգևոր հայրերը սկսեցին նրա համար դևերի դեմ աղոթքներ կարդալ: Մեկ շաբաթ անց նա ուշքի եկավ և սկսեց օրվա մեջ երկու կտոր հացով հագենալ: Այս թեմայի մասին կարող ենք երկար խոսել: Պոռնկության դևը, բարկության դևը, որկրամոլության դևը կոպիտ դևեր են: Բայց կան նաև այլ դևեր` իշխաններ, ղեկավարներ: Վատ է այն մարդու համար, որը դրանց ձեռքն է ընկնում, քանի որ ոչինչ չի փրկի նրան, եթե Ինքն Աստված հրաշք չգործ, հակառակ դեպքում՝ այդպիսի մարդը չի կարող ազատվել դրանցից: Դրանք հպարտության, հերետիկոսության, պատրանքի, մոլորության դևերն են: Պատրանքով տարված մարդը թույլ կտա պոկել իր մաշկը, բայց թույլ չի տա իրենից պատրանքը պոկել: Նախ սատանան գրավում է քո միտքը, իշխում է մտքերիդ, և սկսում ես ուղարկված յուրաքանչյուր միտք ընդունել: Դա սովորաբար տեղի է ունենում մեծ մտածողների հետ, որոնք ընկնում են մեծ հպարտության մեջ: Սատանան ամբողջովին իշխում է նրանց մտքերը, և նրանք այդ բոլոր մտքերն ընդունում են որպես իրական և առողջ: Ամենավատն այն է, որ նրանք այդ չեն հասկանում, այն պարագայում, երբ ողջ շրջապատի համար հասկանալի է, որ այդ մարդը դեպի բարին չի գնում: Այդպիսին է սատանայի հնարամտությունը, խորամանկությունը: Բայց նա իմաստուն չէ: Եթե նա իմաստուն լիներ, ապա կապաշխարեր և կփրկվեր: Դա միայն խորամանկություն է: Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. «Ի՜նչ խորամանկ է թշնամին: Նա ինձ չի կապում այն շղթաներով, որոնք ես ատում եմ, նա ինձ այնպիսի շղթաներ է հագցնում, որոնք ինձ դուր են գալիս, և ես ուրախանում եմ, որ շղթայված եմ»: Պարտված լինել, ստրկանալ և նույնիսկ ուրախանալ: Այդպիսին է սատանայի խորամանկությունը, երբ նա գալիս է որպես խարիզմա, որպես առաքինություն՝ հագնված ազատության հագուստով՝ «Ես ազատ եմ անելու այն, ինչ ուզում եմ»: Այդ պատճառով էլ ասացի ձեզ, որ եթե Աստված հրաշք չգործի, ապա դևի կողմից այս կերպ տիրապետված մարդը, որի միտքը սատանայի տիրապետության տակ է, դա երբեք չի կարող հասկանալ և ազատվել դրանից:

Ես մի մտավորականի եմ ճանաչում, որը նույնիսկ հասկացավ դա, սակայն չկարողացավ ոչինչ անել, քանի որ սատանան նրան համոզեց, որ նա կդառնա մարդկության նոր մեսիան և կփրկի մարդկությունը: Եվ այդքան խելացի մարդը հավատում էր դրան: Այն աստիճանի հասավ, որ Ամերիկայում նա մի վարդապետի գրել էր. «Որդի՛ որոտման: Եկե՛ք պատրաստվենք, պետք է ամեն գնով եկեղեցիներ հիմնենք տարբեր վայրերում: Մենք միայն երեքով ենք, բայց նշանակություն չունի: Կարևոր չէ, որ ընդամենը երեքն ենք: Քրիստոս տասներկուսն ուներ: Նրան ավելի շատ օգնություն էր պետք: Ինձ երկուսն էլ բավական են: Դու միաբանություն ստեղծիր Ամերիկայում, իսկ ես մի եկեղեցի կստեղծեմ Բեռլինում և Լեհաստանում: Կսկսվեն առաքելական ճանապարհորդություններ, պայքար, նահատակություն: Երկու տարի անց անհրաժեշտ կլինի Տիեզերական ժողով գումարել»: Կմտածեք, որ նա խելագար էր: Ո՛չ, նա ամենախելացի մարդկանցից մեկն էր, որին Հունաստանը և ամբողջ աշխարհը գիտեն: Ինչպե՞ս նա նման անկման հասավ: Եկեղեցու հայրերը և հատկապես ճգնավորներն այս երևույթը կոչում են պատրանք, մոլորություն: Սատանան գրավում է ձեր միտքը: Եվ դրանից հետո ոչինչ չես կարող անել, նա քեզ հետ վարվում է այնպես, ինչպես ուզում է: Հետևաբար, մենք չպետք է մենակ մնանք մեր հայացքների ու մտքերի հետ: Պետք է դրանք քննարկենք և խորհուրդներ փնտրենք: Չպետք է փորձենք այլ մարդկանց ստիպել՝ ընդունելու մեր տեսակետները: Պետք է լսենք ուրիշներին, սովորենք զիջել, խորհուրդներ ընդունել: Պետք է խոստովանության գնանք և պատմենք մեր խոստովանահորը, սովորենք լսել նրա խորհուրդները: Սուրբ Գրքում ասվում է, որ այն մարդը, որը ոչ մեկից խորհուրդ չի հարցնում, ինքն իր թշնամին է: Նրան պետք չեն ավելի շատ թշնամիներ: Բավական է ոչ մեկից խորհուրդ չհարցնել, և կունենաս մի թշնամի, որը կկործանի քեզ:

(Շարունակելի)

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում