ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել

ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Հայաստանի լրատվության միջոցներով հրապարակված ֆուտբոլային նախկին մրցավար, ներկայում ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ և Իտալական մրցավարների ասոցիացիայի խորհրդատու Պյեռլուիջի Կոլինայի վերաբերյալ հայտարարությանն այն մասին, որ վերջինս հանցավոր ճանապարհով երեխա է որդեգրել Հայաստանի Հանրապետությունից, տեղեկացնում է.

«Արդարադատության նախարարությունը երբևէ Իտալիայի Հանրապետության կենտրոնական մարմնից չի ստացել Պյեռլուիջի Կոլինայի դիմումը Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու մտադրությամբ: «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որևէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա:

Նման ապատեղեկատվության տարածումը հարիր չէ քաղաքակիրթ իրավական պետությանը և կարող է վնասակար բնույթ կրել միջպետական հարաբերությունների համար: Հետևաբար, բոլոր լրատվական միջոցներին խնդրում ենք հնարավորինս զգոն վերաբերմունք ցուցաբերել երեխաների որդեգրման գործընթացը քննարկելիս կամ լուսաբանելիս:

Միաժամանակ, Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ երեխայի որդեգրման գաղտնիքը որդեգրողի կամքին հակառակ հրապարակելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսում է քրեական պատասխանատվություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում