Պոեզիայից մինչև նամակներ. Լույս է տեսել Թումանյանին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150» գիրքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ամբողջ ներկապնակը` պոեզիայի և արձակի լավագույն նմուշներն ընդգրկվել են գրողի 150-ամյակին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150. Հատընտիր» գրքում: Այն ներառում է նաև «Թումանյանը լուսանկարներում» ներդիրներ` ներկայացնելով գրողին և նրա ընտանիքին, մերձավորներին և գործընկերներին առնչվող հանրածանոթ և քիչ հայտնի լուսանկարներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում, կազմել են Թումանյանի թոռնուհին, բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը և թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը:
«Բավականին բարդ էր այդ աշխատանքը, որովհետև Թումանյանի յուրաքանչյուր տող, բանաստեղծություն հրաշալի է: Նա միայն բանաստեղծ չէ: Նա երևույթ է, առաջնակարգ գրող, հրապարակախոս: Այս գրքում փորձել ենք Թումանյանին ամբողջական նկարագրով ներկայացնել: Ներառել ենք հոդվածներից, հրապարակախոսություններից հատվածներ, որպեսզի նրա պատգամները հնչեն նաև այսօր», – ասաց Սուսաննա Հովհաննիսյանը:
Նա հավելեց` զետեղել են նաև Թումանյանի նամակները: «Հանուն հայրենիքի Թումանյանը զոհել է ոչ միայն իր, այլև զավակների կյանքը, և այս հատընտիրում ուղղակի անհրաժեշտ էր ներառել նրա` զորավար Անդրանիկին ուղղված նամակը, որը բնորոշում է Թումանյանին իբրև մարդու, քաղաքացու», – շեշտեց թումանյանագետը:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի խոսքով` գրքում կազմողները մոտեցրել են Թումանյանին և ժամանակակից ընթերցողին: «Թումանյանի նամակներն են այստեղ, հոդվածներից, հրապարակախոսություններից հատվածներ: Կարող ենք ասել` Թումանյանի ստեղծագործության ամբողջ գունապնակն է իր բազմազանությամբ, դրսևորումներով», – ասաց նա:
Գիրքը տպագրվել է «ԱՊԱՎԵՆ» ընկերության համահիմնադիրներ Արսեն Ղազարյանի և Գագիկ Աղաջանյանի մեկենասությամբ: Այն տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում