«Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը

«Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի Առաջին ալիքը վավերագրական ֆիլմ է պատրաստել Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու մասին, որը դեկտեմբերի 9-ին դառնում է 75 տարեկան:

«Պահապանը» ֆիլմի մի մասը նկարահանվել է Երևանում, որտեղ 1944 թվականին ծնվել է անվանի ակադեմիկոսը:

Ֆիլմում նա պատմել է իր ծննդավայրի, ընտանիքի մասին, որում կային մտավորականության միանգամից մի քանի ներկայացուցիչներ: Պիոտրովսկու հետ նկարահանող խումբը զբոսնել է նաև Հյուսիսային պողոտայում:

«Իմ հայկական անունը Միքայել էր: Ռուսաստանում ես գրանցվել էի այդ էկզոտիկ անունով, բայց քանի որ դա նույն անունն է, ինչ Միխայիլը՝ այն թարգմանեցին»,- պատմել է Պիոտրովսկին:

Էրմիտաժի տնօրենը ցույց է տվել այն շենքը, որում նա ծնվել է, և որտեղ տեղադրված է իր հոր՝ երևելի հնագետ Բորիս Պիոտրովսկու հուշատախտակը:

«Իմ երակներով 3 արյուն է հոսում՝ ռուսական, հայկական և լեհական: Իմ ազգությունը շատ պարզ է. տոհմական ռուս ազնվական՝ երեք արյունով: Դրա համար, երբ ես այստեղ եմ, ես ռուս «շովինիստ» եմ, երբ Ռուսաստանում եմ՝ հայ և լեհ «շովինիստ» եմ, երբ Լեհաստանում եմ՝ ռուս և հայ «շովինիստ»,-նշել է Պիոտրովսկին:

Երևանի կենտրոնում Պիոտրովսկին հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանին, որը շնորհավորել է ակադեմիկոսին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստանալու կապակցությամբ: Մրցանակի հանձնման պահը նույնպես առկա է ֆիլմում:

Միխայիլ Պիոտրովսկին ծնվել է 1944 թվականին Երևանում՝ շրջափակման մեջ ընկած Լենինգրադից Երևան տեղափոխված, հետագայում Էրմիտաժի տնօրեն դարձած հնագետ Բորիս Պիոտրովսկու և հայուհի Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիոտրովսկու ընտանիքում:

Տեսանյութում այդ հատվածը՝ 00:09:50-ից.

Հետևեք մեզ նաև Telegram-ում