Մոտ 1 միլիոն դոլար են ծախսել՝ առանց որևէ հիմնավորման ու հաշվարկի. Անի Հովհաննիսյան

Մոտ 1 միլիոն դոլար են ծախսել՝ առանց որևէ հիմնավորման ու հաշվարկի. Անի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե մարդիկ Ամանորյա տոնական օրերին ուտելիք պատրաստելու, ուտելու փոխարեն թանգարան, թատրոն այցելեն, ապա տոներից հետո հանգստանալու կարիք չեն ունենա: Մյուս կողմից էլ Փաշինյանն ասում է, թե այդքան խոշոր գումարներ են ծախսվել Երևանի բյուջեից, որ տուրիստներ գան, մթերքներ գնեն և դրանից կօգտվեն նաև գյուղացիները, բիզնեսը: Իհարկե,շատ գեղեցիկ երազանքներ են, սակայն մենք ապրում ենք կապիտալիստական աշխարհում,որտեղ ամեն ինչ չոր հաշվարկով է աշխատում, հետևաբար այս երկու մտքերը ոչ միայն օգուտ չեն տա, այլ հակառակը՝ կվնասեն թե բիզնեսին, թե գյուղացիներին, թե տնտեսությանն առհասարակ: Բացատրեմ՝ ինչու.

Տոների ընթացքում նվերներ գնել, հյուրասիրություն կազմակերպել, զարդարանքներ և այլն. Այս ամենի կարևոր նպատակներից մեկը հենց առևտրի խթանումն է: Հետևաբար, եթե մարդիկ սկսում են այս ամենը չանել և դրա փոխարեն այցելել թանգարան ու թատրոն, լրջորեն տուժում են թե գյուղացիները, թե բիզնեսը: Օգտվում են թատրոնները, թանգարաններն ու բրդուճ վաճառողները: Եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ձևով են մարդիկ սկսում տոնական օրերը նշել, ապա ընդհանուր առմամբ միջին վիճակագրական ընտանիքը տոնական օրերին ծախսում է ոչ թե, օրինակ, 200000-400000 ՀՀ դրամ, այլ 40000-60000 դրամ: Բիզնեսի համար անցած տարին ավարտվում և նորը սկսվում է կատասրոֆիկ վատ…

Տուրիստների մասով. Ֆինանսապես կայուն և ապահովված խավը հիմնականում ամիսներ առաջ է որոշում և պլանավորում, թե որտեղ է նշելու Ամանորը: Չեմ կարծում, թե որևէ մեկն իր նախապես պատվիրած տոմսերն ու փաթեթները կչեղարկի, եթե տոներից մեկ ամիս առաջ տեղեկանա, որ Երևանում կրծած տոնածառ են դնելու, Բրեգովիչը համերգով է հանդես գալու, ինքն էլ կարող է «աննախադեպ հնարավորություն» ունենալ և մի բաժակ գինով ու բրդուճով շրջել Երևանի փողոցներով: Նման նախագծերի համար պետք է ունենալ հստակ հաշվարկներ, որպեսզի արդարացված լինի մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար ծախսը բյուջեից: Նման հաշվարկներ չկան, կան ընդամենը սպասելիքներ և հույսեր, որոնցով տնտեսություն չես կարող զարգացնել, այլ կունենաս ընդամենը ծախս և փշրված երազանքներ:

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում