«Ինչ ցանկանում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դուք արեք նրանց»
Նմանատիպ
Քրիստոսի վարդապետության ողջ գաղտնիքը տարրալուծված է այս մեկ նախադասության մեջ:
Անշուշտ, այս ամենի ի կատար ածման համար հավատք ու ջանք է պետք: Քրիստոս Իր կյանքը նվիրաբերեց մեզ համար, որպեսզի մենք բարձր բանականությամբ ապրենք՝ որպես մարդ, որպես աստվածամարդ: Չարը ի սկզբանե մարդուն շեղել ու շեղում է ճշմարտությունից, որովհետև միակ կործանիչ ուղին ճշմարտությունը չճանաչելն է: Մեր Տերն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը», սա է պատճառը, որ չարը փորձում է շեղել մարդկանց: Սակայն ամենուր մարդ ստանում է այն, ինչին արժանի է, ըստ Տիրոջ խոսքի. «Ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, դուք նույնն արեք նրանց»: Ոչ ոք չի ցանկանա, որ որևէ մեկը իրեն չարիք պատճառի, հետևաբար և, այս ոսկե կանոնը ունենալով մեր սրտում, պետք է սրբությամբ պահենք ու ի կատար ածենք, որպեսզի խուսանավենք չարիքից: Դավիթ սաղմոսերգուն ասում է. «Բարձրյալին քեզ ապավեն դարձրու, և չարիքը չի մերձենա քո տան հարկին»: Մենք գրեթե չարիքի ենք հանդիպում ամենուր, և սա արդյունք է այն բանի, որ թողել ենք Արարչին, հեռացել Նրա պատվիրաններից, կորցրել ենք թե հավատը, թե խիղճը, ամենուր նյութական բարիք ենք փնտրում և անտեսում հոգևորը: Երբ մարդիկ Հիսուսից բժշկություն էին խնդրում, Փրկիչը ասում էր. «Քո հավատը փրկեց քեզ», «Գնա և այլևս մի՛ մեղանչիր» կամ «Քո մեղքերը քեզ ներված են»: Այս երեք պատախաններն ենք ստանում մենք Արարչից յուրաքանչյուր մեր աղոթքի ժամանակ և մեր ողջ կյանքի ընթացքում: «Եթե դուք մարդկանց ներեք, ձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ կների ձեր հանցանքները» (Մատթ. 6; 14): Տիրոջ խոսքերի մեջ մենք գտնում ենք մասնիկներ ոսկի կանոնից, որ յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի ճանապարհի համար պետք է ծառայի որպես փարոս: Անհանդուրժողականությունը մարդուն դրդում է անմարդկային քայլերի, որը և կործանիչ հետք է թողնում նրա կյանքի ճանապարհին: Ինչպես Սիրաքի իմաստության մեջ է ասվում. «Աստված մարդուն ստեղծեց հողից և նրան վերադարձրեց հողին, Նա նրան տվեց կյանքի հաշված օրեր»: Մեր ծննդյան պահից, առաջին իսկ ճիչից սկսած մեր կյանքի օրերը հաշված են: Կյանքը ժամանակավոր է, կյանքի օրերը՝ հաշված, ընտրության երկու ճանապարհ կա. կամ դեպի հավիտենական կյանք, կամ դեպի հավիտենական դատաստան: Մենք ենք ընտրում մեր կյանքի ճանապարհը, և մենք ենք պատասխանատու մեր ապրած կյանքի համար: Ինչպես իմաստուններից մեկն է ասել. «Կյանքը մի մեծ դպրոց է, և ուսանելուց հետո քննություն պետք է հանձնենք, բայց այդ քննությանը ոչ ոք չի կարող արտագրել ուրիշից»:
Շատերը, մեղսագործ ու անզեղջ կյանքով ապրելով, անտեսում են Աստծո հավիտենական խոսքը՝ այսպիսով թակելով դժբախտության ու դժոխքի դռները, և երբ դժբախտ դեպք է պատահում, ասում են. «Աստված, ո՞ր մեղքիս համար»: Խավարի մեջ ընկղմված լինելով՝ այդպիսիներին թվում է, թե մաքուր ու անարատ են: Ոմանք էլ, եկեղեցի գալով, մատաղ են անում՝ մի պահ հիշելով Արարչին, որ մի հրաշքով փրկել է փորձանքից, սակայն նորից վերադառնում են իրենց խավարային մեռելոտի մեղքերին` չմտորելով անգամ, որ իրենց հետ տեղի ունեցածը հետևանք է անցյալում գործած չարագործությունների, և պատճառը վերացնելու փոխարեն փորձում են սպեղանի դնել հետևանքների վրա:
Քրիստոս ասում է. «Եթե չհավատաք, որ Ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք» (Հովհ; 8; 22): Անշուշտ ոսկի կանոնն ի կատար ածելու համար հավատք է պետք, որը պետք է արտահայտվի գործերով, ինչպես առաքյալն է ասում. «Դու հավատում ես, որ մեկ է Աստված. լավ ես անում: Դևերն էլ են հավատում, սարսռում և դողում» (Հակ. 2;19): այսինքն, միայն խոսքով դավանելը դեռ փրկություն չէ մեզ համար, քանզի «Հավատն առանց գործերի մեռած է» (Հակ. 2; 26):
Հավատալ Քրիստոսին նշանակում է փոփոխություն կյանքի նկատմամբ. հեռանալ մեղքից, խոստովանությամբ քավել այն և ապրել ոսկի կանոնի համաձայն. դիմացինին տեսնելով՝ Աստծո պատկերը տեսնել, ուրիշին որողմություն անել՝ մեր սրտում ունենալով, որ Աստծուն ենք անում, ըստ Տիրոջ խոսքի. «Այս մանուկներից մեկին արեցիք, Ինձ արեցիք», աղոթքով ու պահքով խոնարհեցնենք մեր անձերը, ահա այս է այն նվիրական ուխտը, որ մարդ կարող է կնքել Աստծո հետ՝ իր հայացքը սևեռած հավիտենական կյանքին:
Եթե մարդու միջից հանենք երկյուղը Աստծո հանդեպ, մարդը կդառնա ամբարտավան, ունայնամիտ արարած, ինչպես Սողոմոն Իմաստունն է ասում. «Աստծո հանդեպ երկյուղը իմաստության սկիզբն է», այսինքն՝ մեր կյանքը իմաստավորվում է նախ հավատքով՝ Աստծո հանդեպ և սրանից բխած բարի գործերով, ոսկի օրենքի կատարմամբ, որը սկիզբ է դնում և իմաստավորում է մարդու կյանքը: Երկյուղը վախը չէ, այլ ակնածանքն ու խոնարհությունը, որի պետքն ունենք, որպեսզի չհպարտանանք, քանզի բոլոր մեղքերի գլուխը հպարտությունն է: Մարդը, Աստծո պատկերն ու նմանությունն ունենալով և այդ խորապես գիտակցալով է, որ պիտի ապրի, ապրեցնի ու արարի: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Մարդ երեք կյանք է ապրում. առաջին կյանքը սկսվում է մոր որովայնում, երկրորդ կյանքը այս աշխարհն է, իսկ երրորդը՝ հավիտենական կյանքը», սակայն շատ քչերին է հաջողվում հասնել այնտեղ: Մենք ունենք անմահ հոգի, խիղճ և ընտրության հնարավորություն. առաջինը մեր անմահության գրավականն է, երկրորդը ապահովագրում է մեղք գործելուց, մեզ կարծես խայթելով ցույց է տալիս կատարած մեղքը և ուղղորդում ապաշխարության, իսկ երրորդը մեր ընտրության հնարավորությունն է. կամ լսել խղճի ձայնին, ապաշխարել, խոստովանել և մաքրվել մեղքերից` իր բոլոր հետևանքներով հանդերձ, և մաքրության մեջ ընթանալ դեպի Քրիստոս, դեպի Երկնքի արքայություն և հավիտենական կյանք, կամ սպանել խիղճը և, մնալով մեռելոտի մեղքերի մեջ, խավար կյանքի մահացու ստվերներով ընթանալ և հավիտենական անտակ դժոխքի տանջանքներին արժանանալ, «ՈՒր կրակն անշեջ է և որդն անքուն»: Եվ վերջում` «Երբ մարդ չգիտի, թե դեպի որ նավահանգիստն է ուղղվում, նրա համար ոչ մի քամի էլ համընթաց չի լինի» (Սենեկա):
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում