ԵՄ-ի ծրագրի շրջանակներում խորհրդաժողով կանցկացվի մշակույթի՝ որպես տնտեսական աճի շարժիչ ուժի դերի շուրջ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 26-28-ին Թբիլիսիում կանցկացվի «Մշակույթի՝ որպես տնտեսական աճի շարժիչ ուժի ըմբռնումը. նոր մոտեցում Հարավային Կովկասի համար» թեմայով միջազգային խորհրդաժողովը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են Եվրամիության հարեւանության տեղեկատվական կենտրոնից:

Թեեւ մշակույթի՝ որպես տնտեսական զարգացման գործոնի ըմբռնումը ճանաչվել Է միջազգային մակարդակով, Հարավային Կովկասի երկրների համար սա համեմատաբար նոր մոտեցում Է: Առաջիկա խորհրդաժողովը կոչված Է այդ տարածաշրջանի երկրների համար շրջանառության մեջ դնել «մշակութային տնտեսություն» հասկացությունը, հնարավորություն տալ ծանոթանալու Արեւմուտքի փորձին եւ հասարակայնությանն օգնել ավելի շատ բան իմանալու համալիր մշակութային-տնտեսական մոտեցման հեռանկարների մասին:

Խորհրդաժողովը բաղկացած Է հինգ նստաշրջաններից, որոնք միջազգային մակարդակի փորձագետները վարելու են ըստ իրենց բնագավառների. ստեղծագործությունը եւ ինովացիաները որպես զարգացման խթան, ավանդույթները եւ մշակութային ժառանգությունը որպես զարգացման աղբյուր, գեղարվեստա-մշակութային արտադրությունները եւ դրանց տնտեսական ներուժը, տնտեսական զարգացմանը նպատակամղված մշակութային քաղաքականությունը, արհեստների դերը գեղարվեստի իրերի արտադրություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում