Նոր գիրք. Վլադիմիր Հովհաննիսյանի «Հետք»-ը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Վերջերս սովորականի նման մարդաշատ էր Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճը: Ամեն ինչ սովորականի նման էր, արտասովոր էր միայն առիթը, որը հանդիսատեսին բերել էր թատրոն: Թատերասեր հասարակությունը այդ օրը թատրոն էր եկել ոչ թե սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վլադիմիր Հովհաննիսյանի խաղով հիանալու, այլ՝ բանաստե՛ղծ Վլադիմիր Հովհաննիսյանին նորովի հայտնաբերելու համար: Այդ օրը թամանյանական հանճարով կառուցված Արտաշատի թատրոնի կամարների ներքո Վլադիմիր Հովհաննիսյանն իր սիրելի հանդիսատեսին ներկայանում էր այլ գույներով… Այդ օրը ընթերցող- հանդիսատեսի դատին հանձնվեց հոր պատգամով եւ որդու՝ Մամիկոն Հովհաննիսյանի ջանքերով հետմահու հրատարակված Վլադիմիր Հովհաննիսյանի «Հետք» բանաստեղծությունների ժողովածուն:
Իր ավելի քան 50-ամյա բեմական գործունեության ընթացքում Վլադիմիր Հովհաննիսյանը հանդիսատեսին ներկայացել է ամենատարբեր կերպարներով: Թատրոնի նրա խաղընկերները՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Բագրատ Գեւորգյանի գլխավորությամբ, հավուր պատշաճի էին կազմակերպել Վլադիմիր Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը: Երեկոն վարում էր թատրոնի վաստակաշատ դերասան Սամվել Ղազարյանը՝ իր խաղընկեր դերասան-դերասանուհիների հետ, ովքեր ողջ երեկոյի ընթացքում բեմից հնչեցրին հեղինակի պոեզիան:
Բացման խոսքով հանդես եկավ թատրոնի փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Նաղդալյանը: Վերջինս ներկայացրեց Վ. Հովհաննիսյանի անցած բեմական ուղին:
Ելույթով հանդես եկավ գրքի խմբագիր, գրող Տիգրան Նիկողոսյանը. «Մեր բարեկամությունը վաղ է սկսվել: Երբ Վլադիմիրը ինձ դիմեց գիրքը խմբագրելու, հրաժարվեցի, ասելով՝ բանաստեղծություն խմբագրելն իր առանձնահատկությունն ունի, բայց գրականագետ Վահագն Սարգսյանի եւ հեղինակի պնդմամբ ստանձնեցի այն խմբագրելու պատասխանատվությունը… Մի խոսքով, եղավ այն, ինչ լինելու էր»:
Այնուհետեւ բեմ հրավիրվեց գրքի հրատարակիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը. «Չափազանց խանդավառված եմ նրա պոեզիայով: Ասում էր՝ ինքն է սերժանտ Կարոն (Վ. Հովհաննիսյանի խաղացած լավագույն դերերից մեկը): Բանաստեղծի ներաշխարհում հայտնաբերեցի Տերյանին, նկատեցի Ջիվանու կենսափիլիսոփայությունը: Էությամբ արտիստ էր: Շիրազ էլ կա, Իսահակյան էլ… Է՜, Ջավախքը շա՜տ գանձեր ունի իր խորքերում…»:
Հայկական հանրագիտարանի տնօրեն, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան. «Մենք եկել ենք հիշատակի տուրք տալու փոքր դերի մեծ վարպետին: Այս շնորհանդեսի առանձնահատկությունն այն է, որ նա արտիստ էր: Ինչո՞ւ հաջողություն ունեցավ նրա սերժանտ Կարոն. որովհետեւ նա սերժանտ Կարոյի բնաշխարհից էր: Տպավորությունս անջնջելի է: Ուրախ եմ, որ այս թամանյանական դահլիճում եմ գտնվում. թող հավերժ թեւածի այստեղ Վլադիմիր Հովհաննիսյանի ոգին»:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյան. «Սերտորեն առնչվում եմ գրողների, մշակույթի գործիչների հետ: Գանձայից եմ, Վլադիմիր Հովհաննիսյանի համերկրացին: Իր ողջ կյանքը նվիրեց բեմին, պոեզիային: Հովհաննիսյանների գերդաստանը գյուղում հարգված է…»: Խոսքի վերջում Շիրակ Թորոսյանը խոստացավ, որ Գանձայում Վլադիմիր Հովհաննիսյանի հայրական տան պատին «Ջավախք» հայրենակցական միության կողմից հուշատախտակ կփակցվի:
Իր ջերմ հուշերով հանդիսատեսի հետ կիսվեց նաեւ թատրոնի նախկին տնօրեն Գեղանուշ Սայադյանը. «Խոսքս ուզում եմ սկսել շնորհակալություն հայտնելով Վլադիմիր Հովհաննիսյանի որդուն՝ Մամիկոն Հովհաննիսյանին՝ այս հրաշալի հուշ- երեկոն կազմակերպելու համար: Վլադիմիրը շատ սիրելի գործընկեր էր: 13 տարի շարունակ, ամեն Աստծո օր, թատրոնի հոգսերով ենք ապրել: Անանձնական էր, վսեմ, արդար էր ու ազնիվ: Ուներ հումորի մեծ պաշար: Երբեմն լուրջն ու կատակը չէիր տարբերի…»:
Ելույթներն ընդմիջվում էին ոչ միայն Վլադիմիր Հովհաննիսյանի բանաստեղծությունների ընթերցմամբ, այլեւ Արտաշատի թատրոնում նրա խաղացած ներկայացումներից հատվածների ցուցադրմամբ, ինչը շեշտում էր արտիստի թողած հետքը թատրոնի խաղացանկում:
Եզրափակիչ խոսքում իր անկեղծ մտորումներին հաղորդակից դարձրեց դերասան, բեմադրիչ Վաչագան Փահլեւանյանը. «Ես գիտեի, որ Վլադիմիրը նաեւ գրում է, բայց կարծում էի, թե դա ժամանակավոր հրապուրանք է: Առաջին անակնկալը, որ ինձ հանկարծակիի բերեց՝ գրքի ծավալուն լինելն էր: Կարծես թե նա ամեն ինչ ուներ. ընտանիք, աշխատանք, ընկերներ, սեր ու հարգանք… Ի՞նչն էր ստիպում նրան գրել: Այս հարցի պատասխանը ստացա միայն գիրքն ընթերցելուց հետո: Բարեկեցիկ եւ ապահովված կյանքն այս դեպքում սառցալեռի երեւացող մասն էր միայն, իսկ այն, ինչ իրականում կատարվում էր նրա հոգում, հազար շերտերով թաքնված էր կողմնակի աչքից: Իսկ այնտեղ պայքար էր, հրաբուխ: Նրա հոգու լարերը արձագանքում էին կյանքի բոլոր՝ թե՛ լավ, թե՛ վատ երեւույթներին: Եվ այդ ամենի մեջ ցավ կա: Կարծես աշխարհի դարդուցավը նրան են տվել… Եվ այստեղ ակամայից միտքս է գալիս Պարույր Սեւակը, ով մարդկանց երկու խմբի էր բաժանում՝ մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի: Վլադիմիր Հովհաննիսյանը միանշանակ առաջին խմբին է պատկանում:
…Խոսքս ավարտեմ Համո Սահյանի մի բանաստեղծությամբ, որն այսօ՛ր, այստե՛ղ կարող է հնչել թե՛ որպես Վլադիմիր Հովհաննիսյանի հրաժեշտի խոսք եւ թե՛ որպես Վլադիմիր Հովհաննիսյանի պատգամը բոլորիս… Եվ այսպես՝ Համո Սահյան. «Ինձ բացակա չդնեք…»:
«Հետք» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսի վերջին ակորդը հնչեցրեց հեղինակի որդին՝ Մամիկոն Հովհաննիսյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ իրենց ներկայությամբ հոր հիշատակը հարգելու համար եւ ունենալով դերասանական բարձրագույն կրթություն, փայլուն կերպով նմանակեց հորը՝ դրանով իսկ արժանանալով հանդիսատեսի բուռն ու ջերմ ծափահարություններին…
Վաչագան ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում