Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի պատանի ուխտավորներին
Նմանատիպ
Դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Նավասարդ» երիտասարդական միության անդամներին և Արցախի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի տարբեր դասարանների աշակերտներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի:
Ազգային արժեքների պահպանման և կրթական ոլորտի զարգացման գործում Հայ Եկեղեցու կարևոր առաքելության վերաբերյալ Տեր Նորայրի և դպրոցի տնօրեն պրն. Գարեգին Ներսիսյանի խոսքերից հետո Նորին Սրբությունը իր ուրախությունը հայտնեց նման նախաձեռնության կազմակերպման առիթով՝ ուխտավոր հայորդիներին փոխանցելով իր օրհնությունն ու բարեմաղթանքները:
Հայոց Հայրապետը կարևոր նկատեց հայորդիների ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որով հնարավորություն է ընձեռնվում նրանց՝ հաղորդակցվելու իրենց անցյալին ու պատմության փառավոր էջերին, զգալու Աստծո շունչը և նորոգելու իրենց հավատքը:
Նորին Սրբությունը հաստատեց, որ Սուրբ Էջմիածնում է հայ ժողովուրդը հավատարմության ուխտ կնքել Աստծո հետ՝ դիմակայելով կյանքի ամենատարբեր փորձություններին ու արհավիրքներին, Քրիստոսի օրինակով հաղթել մահվանը և Նրա հանդեպ ունեցած անսասան հավատքով ու սիրով կերտել հոգևոր և մշակութային գլուխգործոցներ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հայրերն Եկեղեցու միջոցով են իրենց լավագույն արարումներն ընծայաբերել Աստծուն, ինչը վառ վկայությունն է առ Աստված նրանց զորավոր հավատքի: Ըստ Նորին Սրբության՝ հայ ժողովուրդն իր այդ զորեղ հավատքով ու աստվածասեր ընթացքով է ապահովել այլ ազգերի հարգանքն ու պատկառանքը իր հանդեպ՝ օրինակ դառնալով նաև շատ ժողովուրդների համար:
Գարեգին Երկրորդ Հայրապետը հույս հայտնեց, որ ուխտավոր հայորդիներն այդ հզոր ու գեղեցիկ ժառանգության տերը կլինեն՝ հարստացնելով այն նոր արժեքավոր օրագործումներով: Նորին Սրբությունը նաև հորդորեց դպրոցականներին լավագույնս սերտել և յուրացնել իրենց պատմությունը: «Դուք մեր կյանքի և հայ ժողովրդի շարժող ուժն եք: Դուք մեր ապագան եք», -ասաց Հայոց Հովվապետը՝ վերստին փոխանցելով երիտասարդներին իր օրհնությունն ու գալիք Ամանորի առիթով լավագույն բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում աշակերտները ասմունքով, ժողովրդական երգերի և երաժշտական կատարումներով հաճելի անակնկալ մատուցեցին Վեհափառ Հայրապետին:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի ֆեյսբուկյան էջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում