ՀՀ Նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Լյուդմիլա Բարսեղյանը հյուրերին ծանոթացրել է սաների կատարած աշխատանքներին, ներկայացրել կենտրոնի գրանցած հաջողությունները: Շուրջ 1600 աշակերտ է այցելում մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Այստեղ գործում է 105 խմբակ: Կենտրոնի սաների հաջողությունները տեսանելի են ոչ միայն Արցախում, այլև նրա սահմաններից դուրս:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Նախագահի տիկին Նունե Սարգսյանն ասել է, որ տպավորված է կենտրոնի սաների աշխատանքներից:
«Այստեղ մենք ծանոթացանք բազմաթիվ շնորհալի երեխաների հետ, որոնց տաղանդները քաջալերվում են և հասցվում զարգացման բարձրագույն մակարդակի: Համոզված կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երեխա ունի շնորհ և ծնվում է տաղանդով: Պարզապես պետք է գտնել այդ տաղանդը և չթողնել, որպեսզի երեխան կորչի: Եվ սա կարծես թե հենց այդ կենտրոնն է, որտեղ երեխաները կարող են բացահայտել իրենց տաղանդները, իսկ ուսուցիչների ու տնօրինության ուղեկցությամբ դրանք հասցնել մասնագիտական բարձր մակարդակի»,- նշել է Նունե Սարգսյանը:
ՀՀ Նախագահի տիկինը կենտրոնի սաներին մաղթել է հաջող և բեղմնավոր գործունեություն: Նա պատրաստակամություն է հայտնել ուժերի ներածին չափով աջակցելու սաներին: Օգտվելով առիթից՝ Նունե Սարգսյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է բոլոր արցախցիներին և մաղթել ամենայն բարիք:
Նունե Սարգսյանը կենտրոնի սաներին է նվիրել իր հեղինակած հեքիաթների գրքերից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում