Ամանորին Ռուսական թատրոնը փոքրիկներին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» բեմադրությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի կապակցությամբ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը երեխաների դատին կհանձնի անգլիացի հայտնի մանկագիր Դոնալդ Բիսեթի հեքիաթների հիման վրա բեմադրված «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացման բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանն է:
Բիսեթի հեքիաթները սիրված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի կողմից: Նրանք առանձնանում են նուրբ անգլիական հումորով: Հերոսները հիմնականում կենդանիներն են, որոնք ընկերություն են անում, օգնում են միմյանց, սովորեցնում են պատասխանատու լինել բռնած գործում:
Ներկայացման վերջում հեքիաթի հերոսներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Բեմադրության մեջ ընդգրկված են Լիանա Սևումյանը, Ելենա Վարդանյանը, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Անուշ Սարգսյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Յուլյա Ժդանովան, Հայարփի Զուռնաչյանը, Աննա Մանուչարյանը, Արեն Խաչատրյանը, Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Արման Մեժլումյանը, Գրիգոր Խոջոյանը:
Բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, երաժշտական ձևավորումն իրականացրել է Իռա Հարությունյանը, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում