Պետական ջազ նվագախումբը տարվա ընթացքում իրականացրել է կարևոր նախաձեռնություններ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am։ Հայաստանի պետական ջազ նվագախումբն Ամանորին ընդառաջ հանդես է եկել տոնական համերգով: Ավանդույթի համաձայն՝ Սուրբծննդյան նախաշեմին՝ դեկտեմբերի 22-ին, նվագախումբն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է տոնական ամանորյա ծրագիր:
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ հնչել են սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ:
Արմեն Հյուսնունցի խոսքով՝ ամանորյա այս համերգը տարվա գործունեության յուրատեսակ ամփոփում էր: Ամփոփելով անցնող 2019 թվականը՝ Հյուսնունցն ընդգծել է, որ տարվա ընթացքում իրականացվել են կարևոր նախաձեռնություններ:
«Առանձնահատուկ կարևում եմ բազային համերգային դահլիճի գործարկումը, որը գտնվում է Ճարտարապետների միության շենքում: Այնտեղ նվագախումբը պարբերաբար ելույթներ է ունենում: Նաև կարևորում եմ նվագախմբի մարզային և արտերկրի ելույթները, հատկապես՝ համերգը զորամասում»,-խոսելով անցնող տարվա կարևոր ծրագրերի մասին՝ նշել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:
Պետական ջազ նվագախմբից հայտնում են, որ երեկոյին, բացի նվագախմբից, հանդես է եկել դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև անակնկալ մենակատարներ, այդ թվում՝ երիտասարդներ, ովքեր այդքան էլ հայտնի չէին լայն հանրությանը: Ամփոփելով տարին՝ Ջազ նվագախումբը թարմ ուժերով պատրաստվում է 2020-ի ծրագրերին, որոնք ևս յուրահատուկ են լինելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում